Home / Հայաստան / Սերիալների հարցն ապացուցեց, որ հեռուստատեսությունը կախված է Սերժ Սարգսյանից. փորձագետ

Սերիալների հարցն ապացուցեց, որ հեռուստատեսությունը կախված է Սերժ Սարգսյանից. փորձագետ

Հեռուստաեթերում անորակ սերիալների հետ կապված խնդիրը լուծելու համար բաց նամակով ՀՀ նախագահին դիմելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախագահից է կախված հեռուստատեսության որակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` հիշեցնելով, որ մտավորականների նամակին նախագահի արձագանքը` ՀՌԱՀ նախագահի հետ հանդիպելը, ևս նշվածի մասին է վկայում:

Աշոտ Մելիքյանը համաձայնել է, որ սերիալներից եթերը մաքրելու խնդիրը լուրջ է, սակայն, ըստ նրա, հեռուսատեսության առաջին հիմնախնդիրը բազմակարծության բացակայությունն է, ինչին հասնելու օրենսդրական նախաձեռնություններին չեն միացել մտավորականները, որ դիմել էին նամակով նախագահին:

«Բարեփոխումները պետք է սկսել նախ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը փոխելով: Երկրորդ՝ պետք է պարտադրել ՀՌԱՀ-ին կատարել իր գործառույթները»,-ասել է Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի կանխատեսմամբ՝ մինչ 2013թ. նախագահական ընտրությունները բազմակարծության առումով իրավիճակի լավացում չի լինի: Մելիքյանը ասել է, որ նախորդ եռամսյակում լրատվամիջոցների հանդեպ ճնշումները մեծացել էին, ինչը ըստ բանախոսի, կապված էր խորհրդարանական ընտրությունների հետ:

«Եթե այս տարվա առաջին եռամսյակում չկար լրագրողների դեմ ֆիզիկական բռնություն կիառելու դեպք, ապա երկրորդ եռամսյակում դրանք 3-ն էին:  Ճնշումների և տեղեկատվություն տրամադրելու իրավունքի խախտման 10-ական դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ եռամսյակում դրանք համապատասխանաբար 5 և 6 էին»,- ասել է ԽԱՊԿ նախագահը: