Home / Հայաստան / Կինը կրկին հանդիպում է իրեն դաժանաբար ծեծած նախկին ամուսնու հետ (ՖՈՏՈ)

Կինը կրկին հանդիպում է իրեն դաժանաբար ծեծած նախկին ամուսնու հետ (ՖՈՏՈ)

2005-2010 թվականների ընթացքում իր երկու կանանց դաժան խոշտանգման մեջ մեղադրվող Դավիթ Զիրոյանը հանդիպել է իր առաջին կնոջ՝ Մելինեի Բայաթյանի հետ:

Հուլիսի 21-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կամավորներից մեկը տեսել է Դավիթին և Մելինեին միասին: Նրանք դուրս են եկել մուգ կապույտ գույնի Օպել մակնիշի մեքենայից (33 VO 506 համարանիշերով) և ներս մտել «Մխիթար Գոշ» հյուրանոց, որը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում: Քիչ անց նրանք լքել են հյուրանոցը և ուղևորվել դեպի Գոշավանք:

Ներկայումս Արարատի և Վայոց Ձոր մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը: Մարիամին դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և ընտանեկան բռնության են ենթարկել նրա նախկին ամուսին Զիրոյանը և նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, վերջինս վարույթում ներգրավված է որպես մեղադրյալ:

Զույգն ամուսնացել է 2009 թվականին, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ այդ ժամանակ բնակվում էր Դավիթի ընտանիքը: 10 ամիս անց Մարիամը վերադարձել է Երևան և դիմել ոստիկանություն: Դավիթի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով և նա իրեն մեղավոր է ճանաչել:  Սակայն քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Դավիթի մորը առ այսօր առաջադրված է մեղադրանք «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Խոշտանգում» հոդվածներով (ՀՀ ՔՕ հոդվածներ 113 և 119):

Մարիամ Գևորգյանի ընտանիքի անդամները Կանանց Աջակցման Կենտրոնին հայտնել են, որ Դավիթի և Հայկանուշի բարեկամները բազմիցս մոտեցել են իրենց և գումար առաջարկել Մարիամի դիմումից հրաժարվելու պահանջով: Հիշեցնենք, որ Մելինե Բայաթյանը, Դավիթի առաջին կինը, ոգեշնչված էր, որ դեպքի մասին Մարիամը բարձրաձայնում է: Նա Դավիթի և նրա մոր դեմ ներկայացրել էր դիմում, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն նախաքննության ընթացքում Մելինեն հրաժարվեց իր մի քանի մեղադրանքներից և նույնիսկ հանդես եկավ գործը դռնփակ նիստում քննելու միջնորդությամբ, որպեսզի գործի քննությանը ներկա չլինեն գործով հետաքրքրված անձինք և լրագրողներ:

Իրականում Hetq.am-ի ավելի վաղ հրապարակված հարցազրույցում Դավիթը հրապարակայնորեն ընդունել է Մելինեին ծեծի ենթարկելու փաստը: Այսինքն Մելինեն, ով մի ժամանակ Մարիամի աջակիցներից էր այժմ, ագրեսիվ վերաբերմունք ունի Մարիամի և նրա աջակիցների նկատմամբ և չի ցանկանում համագործակցել նրանց հետ Դավիթի և նրա մոր գործով:

Ինչպես նշում է «Կանանց աջակցման կենտրոնը», կան ասեկոսեներ այն մասին, որ Դավիթը դատից հետո կրկին ուզում է ամուսնանալ Մելինեի հետ:

Կանանց աջակցման կենտրոնը կարծում է, որ Դավիթը նման կերպ նպատակ ունի մոլորեցնելու դատարանին:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը կայանալու է Արտաշատում հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատական նիստին մասնակցել ցանկացողներին տրամադրում է անվճար տրանսպորտ (https://www.facebook.com/events/446286195393608/):