Home / Հայաստան / Հրաժարվում են քննել հայտնի պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու մեղադրանքը. ՀՔԾ-ի պատասխանը թերթին

Հրաժարվում են քննել հայտնի պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու մեղադրանքը. ՀՔԾ-ի պատասխանը թերթին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քննել «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի (լուսանկարում) սենսացիոն հայտարարությունը` մի շարք պաշտոնյաների կաշառք տալու մասին, որի տեսագրությունը մեկ շաբաթ է շրջում է համացանցում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` նշելով, որ դրա վկայությունը թերթի թղթակցի` ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին հասցեագրված հարցմանը տրված պատասխանն է:

Թերթը հիշեցնում է, որ «Հետք» ինտերնետային կայքին տված հարցազրույցում Պավել Անդերսոնը նշում է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի և նրա տեղակալ Կարեն Դավթյանի ու մի շարք դատավորների մասին է` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Անդերսոնը նաև հավելել է, որ ժամանակին «գերակա հանրային շահի» համար իրացվող տարածքներն իրականում կառուցապատողներին տրվել են կաշառքով՝ քմ-ն մոտ 100 դոլարով, և այս ամենի գլխավերևում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եղել:

««Հետք» ինտերնետային կայքում տեղադրված «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոն ներկայացած անձի ելույթի տեսագրությունը հանցագործության մասին` ֆիզիկական անձի պատշաճ հաղորդում չի համարվում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի` ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր, ընդ որում, բանավոր հաղորդումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է դիմողը և նախազգուշացվում սւոտ մատնության համար պատասխանատվության մասին», – ասված է ՀՔԾ-ի կողմից «ՀԺ»-ի հարցմանն ուղարկված պատասխանում:

Թերթը նշում է, որ ՀՔԾ-ի այս մոտեցումը այլ կերպ, քան խայտառակություն` հնարավոր չէ որակել` ընդգծելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն, քրեական գործ հարուցելու առիթ են ինչպես ֆիզիկական անձանց գրավոր և բանավոր, այնպես էլ ` «հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները»:

Սակայն ՀՔԾ-ն ճի ցանկացել նշված տեսագրությունը որպես հանցագործության մասին լրատվության միջոցի հաղորդում դիտել` դա բացատրելով հետևյալ կերպ.

«Նշված տեսագրությունը չի կարող համարվել նաև հանցագործության մասին լրատվության միջոցիւ հաղորդում, քանի որ ինտերնետային կայքում տեղադրվել է ընդամենը քաղաքացու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չբավարարող ելույթի ձայնագրությունը, որում տեղ գտած հայտարարությունների իսկությունը հերքվել է նույն կայքի լրագրողի տարբեր քաղաքացիներին և պետական մարմիններին կատարած հարցումների պատասխաններով»:

«ՀԺ»-ի հոդվածագիրն այս առնչությամբ նշում է, որ տվյալ մեկնաբանությունը հանցագործներին պարտակելու ուղղակի փորձ է:

«Ինչ կապ ունի, թե հանցագործության փաստերի վերաբերյալ քաղաքացիներն ինչ են ասել լրագրողին: Ոչ լրագրողն է քննիչ և ոչ էլ նրա հետ զրուցած քաղաքացիները: Ավելին, լրագրողի հարցմանն ի պատասխան Անդերսոնի ասածները հերքող անձինք կամ կաշառք վերցնելու համար մեղադրվող անձինք են, կամ էլ` նրանց մամուլի քարտուղարները», – նշում է թերթը:

Հոդվածագիրը հավելում է, որ ՀՔԾ-ն փորձում է անտեսել Անդերսոնի հայտարարությունը, և հենց դա է կոչվում կոռուպցիա, երբ մի խումբ պաշտոնյաներ զբաղված են գումարներ հավաքելով, իսկ մյուս խումբն էլ ապահովում է, որպեսզի նրանք պատասխանատվությունից խուսափեն:

Նշենք, որ տեսանյութում Պավել Անդերսոնը խնդրում է իր խոսքերը դիտել որպես «պաշտոնական հաղորդագրություն օրինապահ մարմիններին»:

Տեսանյութը` hetq.am