Home / Հայաստան / Փոխգնդապետը որոշել էր պայթեցնել «Հարսնաքարը» հարսանիքի պատճառով. մանրամասներ

Փոխգնդապետը որոշել էր պայթեցնել «Հարսնաքարը» հարսանիքի պատճառով. մանրամասներ

Փոխգնդապետ,  39-ամյա Վարդան Սամվելյանը, ով  հուլիսի 1-ի գիշերը՝ ժամը  2.15-ին ձերբակալվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու մեղադրանքով, որոշումն ընդունել է  նույն օրը՝  ռեստորանի մոտ կազմակերպված մոմավառության ակցիայից հետո: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սամվելյանի մտերիմներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

«Վարդանն այդ օրը մասնակցել է մոմավառությանը: Այն պահին, երբ «Հարսնաքարի»  մոտ մի խումբ մարդիկ հարգել են Վահե Ավետյանի հիշատակը, ռեստորանում միաժամանակ  հարսանեկան արարողություն է ընթացել, ինչն ավելի ուշ  ուղեկցվել է հրավառությամբ: Այս փաստից սարսափելի  նյարդայնացած ու բորբոքված՝ նա  սպասել է մինչ հարսանեկան արարողության ավարտը, և երբ շենքում այլևս ոչ ոք չի  եղել,  որոշում է կայացրել պայթեցնել այն» – պատմել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ իրենց դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

«Օրեր առաջ, երբ «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկվեց Վարդանի  ամենամտերիմ ընկերը՝ Վահե Ավետյանը, Վարդանը սարսափելի ընկճվել էր: Կինը պատմում էր, որ տանը նա  իր տեղը չէր գտնում՝  շատ անտրամադիր էր ու կոտրված», – պատմել է  մեր աղբյուրը:

Epress.am-ի զրուցակիցը  խնդրել է պարզաբանում մտցնել մամուլում տարածված այն լուրերին, թե Վարդանի  հայրն ու եղբայրն աշխատում են ոստիկանության համակարգում:

«Վարդան Սամվելյանի հայրը՝ ոստիկանության գնդապետ 65-ամյա Սամվել Սամվելյանը,  6 ամիս է, ինչ անցել է վաստակած հանգստի, եղբայրը՝  Արման Սամվելյանը, ով  քրեական հետախուզության օպեր լիազոր էր՝  6 ամիս առաջ իր դիմումի համաձայն դուրս է եկել համակարգից», – նշել է նա:

Մեր զրուցակիցը պատմել է, որ Վարդանը գերազանցությամբ ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցը, այնուհետ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների  պատմության բաժինը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ: Ռազմական կրթություն ստացել է Ռուսաստանում՝ ստանալով մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի որակավորում, այնուհետև ավարտել է Ռուսաստանի Ֆրունզեի անվան ակադեմիան:

Հիշեցնենք, որ Վարդան Սամվելյանի պայուսակում հայտնաբերել էին 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։