Home / Հայաստան / Պատգամավորի թիկնապահը գետնին է տապալել Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքող ակտիվիստին

Պատգամավորի թիկնապահը գետնին է տապալել Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքող ակտիվիստին

Այսօր առավոտյան ԱԺ հետնամուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին միանձնյա բողոքի ակցիա էր անցկացնում հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մեղավորների դեմ: Երբ ակտիվիստը հարցազրույց էր տալիս իր ակցիայի մասին, նրան մոտեցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյանը՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Մի քանի վայրկյան անց Վարդգես Գասպարիին է մոտեցել նաև Ալեքսանյանի թիկնապահը և գետնին  տապալել նրան: Այդ ողջ ընթացքում Գասպարին բացականչում էր` «խուլիգան Ալեքսանյան»:

Միջադեպից հետո միանձնյա պիկետ անցկացնող ակտիվիստը մոտեցել է ԱԺ-ի մոտ հերթապահող ոստիկանին և հաղորդել Ալեքսանյանի և նրա թիկնապահի գործողությունների մասին: Գասպարին հետաքրքրվել է ոստիկանից, թե ինչու վերջինս չէր միջամտում իրավիճակին, սակայն ոստիկանության ավագ սերժանտ ներկայացած Հովհաննիսյանը հայտարարել է, որ չի նկատել միջադեպը և տեղյակ չէ՝ արդյոք տարածքում այլ ոստիկաններ կան թե ոչ, որոնք կարող էին տեսած լինել պատգամավորի գործողությունները: Ոստիկանը չի ցանկացել պատասխանել Գասպարիի այլ հարցերին և ընդունել նրա կողմից տրվող հաղորդագրությունը դեպքի մասին: «Ինձ հերիք ա հարցեր տաք, ես ձեր հարցերին պատասխանեցի արդեն, մնացածը դիմեք ոստիկանության լրատվական բաժին»,- ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր 4 մարդ: Նրանցից մեկի՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: