Home / Հայաստան / Բանակում խելագարված զինվորը առողջանում է. քննիչները նորություն չունեն

Բանակում խելագարված զինվորը առողջանում է. քննիչները նորություն չունեն

2011 թվականի հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ սեպտեմբերին հարուցված քրեական գործով մինչ օրս դեռևս ձերբակալվածներ չկան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննեսի հայրը՝ Վարդան Վարդանյանը:

Հովհաննեսի հայրը մխիթարվում է միայն նրանով, որ տղան համեմատաբար  իրեն լավ է զգում ու դուրս է եկել ծայրահեղ ծանր հոգեկան վիճակից:

«Ավանի հոգեբուժարանում Հովհաննեսին բուժող բժիշկ Հենրիկ Բակունցն օրեր առաջ ասաց, որ  այսուհետ բուժումը շարունակելու ենք տանը, միայն ամիսը մեկ անգամ կարող ենք այցելել իրեն: Բժիշկը երկու տեսակ դեղ է նշանակել, որոնք Հովհաննեսը պետք է ընդունի ամբողջ կյանքի ընթացքում, հակառակ դեպքում հիվանդությունը  կրկին գլուխ կբարձրացնի», – ասել է Վարդանյանը:

Հայրն ընդգծել է, որ ինքը պարտական է Հովհաննեսին բուժող բժշկին, քանի որ նրա ջանքերի ու հետևողական աշխատանքի արդյունքում է տղան կազգուրվել:

«Շատ գոհ եմ բուժող բժշկից ու տղայիս վիճակը գնահատում եմ եթե ոչ 100 տոկոսաանոց լավ, ապա 65-70 տոկոսանոց: Արդյունքն ակնհայտ է», – ասել է Վարդանյանն ու որպես ապացույց նշել, որ երեկ Հովհաննեսի հետ գնացել է խանութ, դրսում սպասել է՝ մինչ տղան առևտուրը կվերջացնի ու տուն կգնան:

«Արած առևտուրն էլ մեկ տուփ սիգարետն է, որ խանութից գնում է, թե չէ գումարի հետ ինքը գործ չի ունենում», – պատմել է հայրը, ով նաև ուրախությամբ հայտնել է, որ երկու օր է, ինչ ինքը աշխատանքի է տեղավորվել քարի արտադրամասում:

«Կես ժամը մեկ զանգում եմ տուն, խոսում Հովհաննեսի հետ, կնոջս հիշեցնում, որ չմոռանա դեղերը ժամանակին տալ՝ առավոտյան, կեսօրին ու երեկոյան: Իսկ ընդհանուր առմամբ Հովհաննեսը հանգիստ է՝ հեռուստացույց է նայում, այցելում է  հարևաններին: Կարևորն այն է, որ ինքն հանգիստ է ու դա ինձ հնարավորություն է տվել աշխատելու, այլապես անհնար էր առանց աշխատանքի»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է որդու գործով նշանակված հետաքննությանը, Վարդանյանը նշել է, որ ինքը վերջերս երկու անգամ կապվել է քննիչների հետ, նրանք էլ ասել են, որ հետաքննությունն ընթացքի մեջ է ու որևէ նորություն չկա: