Home / Հայաստան / Վրացի դիտորդը պարզել է` թանաքի բաղադրության մեջ «մարգանցովկա» է եղել

Վրացի դիտորդը պարզել է` թանաքի բաղադրության մեջ «մարգանցովկա» է եղել

Մայիսի 6-ին ընթացող ՀՀ ԱԺ ընտրություններն անցկացվում են նույնքան սարսափելի պայմաններում, որքան նախորդ տարիներին, պարզապես դա արվում է շատ ավելի բացահայտ կերպով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ով 7 ժամում միջազգային դիտորդների խմբի կազմում հասցրել է մոտ 20 ընտրատեղամաս այցելել:

Իրավապաշտպանները ականատես են եղել` ինչպես են ընտատեղամասերի մոտ թաղային հեղինակություններ հավաքվում, որոնք առանց համապատասխան լիազորությունների մտնում են տեղամասեր, միջամտում ընտրության ընթացքին, ահաբեկում են կամ գնում խմբերով տեղամաս բերված քաղաքացիներին:

«Այս անգամ բոլոր խախտումները բացահայտ կերպով են իրականացվում: Այս ընտրություններում նորություն էր մեկ ժամվա ընթացքում անձնագրից ցնդող կնիքը, ինչը թույլ է տալիս միևնույն մարդուն մի քանի անգամ քվեարկել»,- նշել է Դանիելյանը: Նրա խոսքով` այս առումով ամենավտանգավորն այն տեղամասերն են, որտեղ ընտրացուցակներում վաղուց Հայաստանում չբնակվող, կամ մահացած, կամ էլ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերած մեծ թվով քաղաքացիներ կան գրանցված:

Իրավապաշտպանը նաև ընդգծել է ԱՊՀ և ԵԱՀԿ դիտորդների աշխատանքի «հին ոճը», որի համաձայն նրանք «տեղամաս են գալիս 15 րոպեով և հեռանում»: Այս փաստի մասին են վկայում գրանցամատյաններում արված արձանագրությունները,  որտեղ վերոնշյալ առաքելությունների անվանումների առջև գրված է 09:00-09:15:

«Ուշագրավ է դիտորդական առաքելություն իրականացնող տեղի «Քո ընտրությունը» հ/կ-ի պահվածքը: Երիտասարդները ֆիրմային շապիկներով պարզապես քայլում են տեղամասերով` չխառնվելով և չնկատելով ակնհայտ խախտումները»,- ասել է Դանիելյան:

«Մարդու իրավունքների տուն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլոզ Լեգալիշվիլին Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ տեղամասերում մարդկանց քաոսային կուտակումներ են նկատվում: «Միևնույն դպրոցում կարող են տեղակայված լինել 2-3 տեղամասեր, որոնք առանձնացված չեն իրարից անհրաժեշտ պատնեշներով: Ոստիկանությունը ոչ մի ձևով չի արձագանքում ընտրությունների ընթացքում տեղի ունեցող անկարգություններին: Մենք նաև արձանագրել ենք քվեախցիկների սխալ դասավորվածության հետ կապված խախտումներ, օրինակ, իր ընտրախցիկին մոտեցող մարդը կարող է տեսնել` ինչպես է քվեարկում մեկ այլ քաղաքացի»:

Խոսելով ժամանակից շուտ ցնդող կնիքների մասին` վրացի իրավապաշտպանը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել, որ թանաքի բաղադրության մեջ կալիումի պերմանգանատ («մարգանցովկա») է եղել:

Լեգալիշվիլին նաև նշել է, որ ընտրատեղամասերում իրավապաշտպանների հայտնվելով իրավիճակն առանձնապես չի փոխվում. «Իսկ Մալաթիայի 8/7 ընտատարածքում ինձ արգելում էին ներս մտնել: Ավելի ուշ այդ տեղամասում ընտրախցիկներից մեկի տակ 6 քվեաթերթիկ հայտնաբերվեց»:

Իրավապաշտպանները նաև մատնանշել են այն հանգամանքը, որ չնայած ընտրությունների օրը քարոզչության իրականացման արգելքին, քաղաքն ու տեղամասերը լի են Խորհրդարանական մանդատի համար պայքարող թեկնածուների պաստառներով և խորհրդանիշերով: