Home / Հայաստան / Գյումրիի աղմկահարույց սպանության համար կալանավորվածն իրեն մեղավոր չի ճանաչում

Գյումրիի աղմկահարույց սպանության համար կալանավորվածն իրեն մեղավոր չի ճանաչում

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեղադրանքով կալանավորված Հարություն Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Վերջինիս խոսքով` ինքը շատ վրդովված է, քանի որ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածում` իր պաշտպանյալի հետ կապված:

«Իր հետ կապված սխալ ինֆորմացիա են տարածում, և մենք պատրաստվում ենք հերքում խնդրել: Նախ և առաջ խախտում են անմեղության կանխավարկածը և իրեն ներկայացնում են որպես հանցագործության կատարող: Ավելին` նշվում է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչել, զենքի տեղն է ցույց տվել, իբրև թե ինքը, որ ցմահ ազատազրկում չստանա, համագործակցում է իրականացնողների հետ: Իրականում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Համենայնդեպս, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս այդ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հիմնավոր կասկածի մասին նյութեր պատրաստել, սակայն այն որևէ ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հիմնավորել, որ նա որևէ կապ ունի հանցագործության հետ»,- ասել է փաստաբանը:

Ըստ ոստիկանության` գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել էր, որ սպանությունը չի կատարվել խանդի հողի վրա և «դրա թելն ամբողջությամբ տանում է դեպի ԲՀԿ-ի թևը»:

«Այդ սպանությունը քաղաքական է, և ոչ մի խանդի հարց չկա։ Նորից հաստատում եմ, որ այդ ամենը եղել է քաղաքական հարթության մեջ։ Ես զարմանում եմ, թե այդ հանցագործը` տղան, ինչ կապ կարող էր ունենալ իմ դստեր հետ, երբ որ իրար ոչ ճանաչել են, ոչ սիրել են, ոչ էլ շփվել են։ Ինչ խանդ, եթե էդ հանցանք կատարողը գիտեր, թե ինչ բան է խանդը, թող գնար իր քրոջն ու մորը խանդեր ու նրանց պատիվը պահեր։ Արի Գյումրի, տես նրա մորից քեզ ինչեր կպատմեն։ Հնարովի բան է, չհավատաք, մուտիլովկա է», – ասել էր քաղաքապետը։

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանն էլ իր հերթին հակադարձել էր Գյումրիի քաղաքապետի կողմից արվող հայտարարություններին։

«Այդ սպանությունը քաղաքականացնելն ու սլաքները ԲՀԿ-ի դեմ ուղղելը կատարյալ խեղկատակության է և ինչ-որ մեկի վառ երևակայաթյան արդյունքն է։ Նման բան չկա և չի էլ կարող լինել։ Մեր մտքով նման ստորություն չէր կարող անցնել։ Ինչ մնում   է   քաղաքապետի ասածներին, ապա ես համամիտ եմ իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ ձեր ասած քաղաքապետը երևակայության լուրջ ավելցուկ ունի», – ասել էր Գրիգորյանը։