Home / Հայաստան / Օբաման չի ասի «ցեղասպանություն», թուրքերը «Մեծ Եղեռնն» էլ վտանգավոր են համարում

Օբաման չի ասի «ցեղասպանություն», թուրքերը «Մեծ Եղեռնն» էլ վտանգավոր են համարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի էլ չի օգտագործի «ցեղասպանություն» եզրը իր ամենամյա ելույթի ժամանակ, որը նվիրվում է 1915 թվականին զոհված հայերին, պնդում են թուրք վերլուծաբանները:

Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին Օբաման արտասանել է «Մեծ Եղեռն», սակայն խուսափել է «ցեղասպանություն» բառից, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ-ի հայ համայնքի շրջանում:

Today’s Zaman-ի հետ զրույցում լրագրող և Հարավային Կովկասին առնչվող խնդիրների փորձագետ Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն նշել է, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարևոր փուլում են, և Օբաման ավելի կկարևորի երկու երկրների ռազմավարական գործընկերությունը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան շարունակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական գործընկերը մնալ, Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը: ԱՄՆ-ում բնական է նախընտրական ժամանակաշրջանում խոստումներ տալ հայկական համայնքին նրանց ձայները շահելու համար, սակայն հետո կարևորել Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը», – ասել է Օզթարսուն:

Նա նշել է, որ այս պահին Թուրքիան և ԱՄՆ-ն համագործակցում են, մասնավորապես, Սիրիայի հիմնահարցի շուրջ, ինչը միջազգային քաղաքականության կարևորագույն հարցերից է:

Բիլգի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Իլթեր Թուրանը կիսում է Օզթարսուի կարծիքը: Նա նշել է, որ Հայոց Ցեղասպանության խնդիրը անկյունաքարային չէ ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրությունների ժամանակ, և չի կարող ազդել ԱՄՆ նախագահի որոշման վրա: Նրա խոսքով` ԱՄՆ-ում հայկական համայնքը նույնքան ազդեցիկ չէ, որքան Ֆրանսիայում, այդ իսկ պատճառով Օբաման հարվածի տակ չի դնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, որոնք այս պահին բարիդրացիական են:

Թուրք վերլուծաբանների կարծիքով` առավելագույնը, ինչ կարող է անել Օբաման` դա կրկին «Մեծ Եղեռն» եզրը կրկնելն է: Դա դժգոհություն է առաջացնում թե հայերի, թե թուրքերի շրջանում: Հայերը ցանկանում են լսել «ցեղասպանություն» բառը, մինչդեռ Թուրքիայում նշում են, որ «անգամ «Մեծ Եղեռն» ասելով` Օբաման խեղաթյուրում է իրականությունը»:

Մասնավորապես, Բուրսայի Ուլուդաղ համալսարանի դասախոս, Հայկական հարցի մասնագետ Բարիշ Օզդալն ընդգծում է, որ Օբամայի կողմից «Մեծ Եղեռն» արտահայտության օգտագործումը երկարաժամկետ կտրվածքով վնաս է Թուրքիայի շահերին:

«Հայկական բառի օգտագործումը թուլացնում է Թուրքիայի դիրքերը տվյալ հարցի կապակցությամբ, քանի որ այդ բառը միջազգային հարաբերությունների տերմինաբանության մեջ սկսում է ընկալվել որպես «ցեղասպանություն»», – հայտարարում է Օզդալը:

Նրա խոսքով` կան բառեր, որոնք քաղաքականապես չեզոք չեն. ինչպես, օրինակ, ցեղասպանություն բառն ասելով` բոլորը հիշում են Հոլոքոստը, իսկ ապարտհայդը ասոցացվում է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում 20-րդ դարի կեսերին գործող ռեժիմի հետ: