Home / Հայաստան / Հրայր Թովմասյանը խաբված բնակիչներին կրկին հորդորել է սպասել

Հրայր Թովմասյանը խաբված բնակիչներին կրկին հորդորել է սպասել

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերին հանդիպել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Բնակարանատերերը նախարարից հարցրել են, թե ի՞նչ պատիժ է հասնում Արդարադատության նախարարության այն պաշտոնյային, ով 2004 թվականից ստուգումներ է անցկացրել ու տեսել է, որ նոտարական գրասենյակներում օրենք է խախտում, սակայն լռել է:

«Կստուգեմ, կպարզեմ», – ասել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն:

Բնակարանատերերն հիշեցրել են, որ իրենք հոկտեմբեր ամսից մինչ այսօր սպասում են այդ «պարզելուն», ինչին նախարարն  հակադարձել է.

«Այսինքն ի՞նչ է, ձեզ համար նոտարի ականջից բռնելը, պատժելն ու դուրս շպերտելն այդքան սովորական բա՞ն է: Այս հարցում և’ նոտարի մեղավորությունը կա, և’ ձեր»:

«Մենք պատժվել ենք, բա նոտարը ե՞րբ է պատժվելու», – հարցրել  է բնակարանատեր Սոնա Մաղաքյանը:

Բնակարանատերերը նախարարին հիշեցրել են, որ 8 տարի առաջ կարմիր բերետավորներն իրենց ստիպողաբար դուրս են  հանել տներից և մինչ օրս իրենք զրկված են տնից:

«Դուք մեղավոր եք ուզում փնտրե՞լ», – հարցրել է նախարարն, ինչին բնակարանատերերը պատասխանել են՝ տուն ենք ուզում:

Թովմասյանը նշել է, որ գործն ընթացքի մեջ է և հեռացել է: