Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Ակտիվություն` Մաշտոցի այգում. Խզմալյանին տապալել են գետնին (թարմացված)

ՖՈՏՈՇԱՐՔ. Ակտիվություն` Մաշտոցի այգում. Խզմալյանին տապալել են գետնին (թարմացված)

12:15 Ապամոնտաժողները հանդես են եկել հայտարարությամբ. «Ոստիկանությունը, փաստորեն, ավելի վտանգավոր է, քան թվում էր, քանի որ նրանց խոսքը և գործը իրար չեն համապատսապանում»:

Ակտիվիստները մատնանշում են այն հանգամքնը, որ թեև փոխոստիկանապետն ասում էր, որ գիծը հատելու դեպքում ձերբակալություններ կլինեն, սակայն ապամոնտաժողները հիմա հատում են գիծը, և ձերբակալվածներ չկան:

Տեսանյութը` այստեղ

«Ոչ թե բուծիկների տերերին, այլ նրանց շեֆերին եմ դիմում, հանձինս այս երիտասարդների ձեր դեմ կանգնած է Հայաստանի իրական վերնախավը, դուք եք մեր մեռելներին հանում ընտրությունների, սակայն ձեր դեմ դուրս կգան կենդանիները, ում կեղեքել եք, ում զրկել եք արժանապատվությունից, ում ստիպել եք լքել երկիրը, նրանց վերաբերմունքը շատ այլ կլինի, քան մերը: Մենք փորձում ենք մեր մեջքերով ձեզ պաշտպանել նրանցից, որվքեր գալու են մեզանից հետո»,- ասել է Տիգրան Խզմալյանը:

12:03 Մաշտոցի այգում տեղադրված կրպակները ապամոնտաժող բրիգադն այսօր առավոտյան` ժամը 11:00-ին, եկել է այգի` հայտնելու հետագա ծրագրերի մասին: Բրիգադի անդամ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը հայտարարել է, որ իրենք այսօր անցնելու են արգելապատնեշները և սկսելու են կրպակների ապամոնտաժումը: Այս հայտարարությունից հետո Մանվել Սարգսյանը հնարավորություն է տվել ոստիկաններին պատասխանել` արդյոք նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը և շարունակում են թույլ չտալ իրենց սկսել ապամոնտաժման գործողությունները:

Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանն ասել է, որ ոստիկանությունն իր որոշումը չի փոխել և որ բրիգադի կողմից ոստիկանության գործունեությունը անօրինական գնահատելը զուտ կարծիք է: Փոխոստիկանապետը պնդել է, որ իրենք շարունակելու են պաշտպանել մասնավոր սեփականությունը, իսկ արգելապատնեշներից այն կողմ անցնելու դեպքում, այդ գործողությունները ապօրինի կորակվեն:

Այս բանակցություններից հետո բրիգադի անդամներից մի քանիսը, մասնավորապես, Արմեն Մովսիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Արմեն Հովհաննիսյանը, մի քանի անգամ սողոսկել են բազրիքներից ներս, սակայն ոստիկանները բռնի ուժով նրանց դուրս են մղել:

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, իր հերթին, կոչ է արել ոստիկաններին ուժ չկիրառել ապամոնտաժող բրիգադի նկատմամբ:

Այդուհանդերձ կրպակ մտած Սարո Սարոյանին կրկին բռնի ուժով դուրս են բերել իրավապահները: Միաժամանակ ոստիկանները գետնին են տապալել ռեժիսոր, ապամոնտաժող բրիգադի անդամ Տիգրան Խզմալյանին: Այնուհետև հորդորել են նրան վեր կենալ գետնից` վստահեցնելով որ ոստիկանները երբեք հենց այնպես մարդկանց չեն դիպչում: Այս խոսքերին ի պատասխան` Խզմալյանը հիշեցրել է, որ ոստիկանները նման գործողությունների դիմել են մարի 1-ին. «Մարտի 1 եմ տեսել, հոկտեմբերի 27 եմ տեսել, թողեք ինձ»,- բղավել է ռեժիսորը: Սրան հաջորդել են ակտիվիստների վանկարկումները` «Բուծիկների համար Մարտի 1 եք սարքում»:

Ապամոնտաժող բրիգադը փոքրիկ ժողով է անցկացրել, որի ընթացքում Մանվել  Սարգսյանը կոչ է արել ուժերը չվատնել, ուշադրություն չդարձնել ոստիկաններին:

Ըստ Սարգսյանի` այսօր իրենք ոչ թե ապամոնտաժում են իրականացնելու, այլ պայմաններ են ստեղծելու ապամոնտաժման համար` չափագրելով տարածքը: