Home / Տեսանյութեր / Դատարանը մերժեց զոհված զինվորի գործով բողոքները

Դատարանը մերժեց զոհված զինվորի գործով բողոքները

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է չորս համածառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծառայող Գևորգ Կոծինյանի գործով երկու դիմում-բողոքները: Դատարանը գործը լսել էր վճռաբեկության կարգով:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանը  դաժան ծեծի էր ենթարկվել իր համածառայողների կողմից, ինչի հետևանքով ստացած վնասվածները ի վերջո դարձել են զինվորի մահվան պատճառը:

Գևորգ Կոծինյանի իրավահաջորդի փաստաբան Էդմոնդ Մարուքյանը Epress.am-ի հետ զրոււյցում ասել է, որ գործով պաշտպանական կողմը որևէ բողոք չունի մեղավորներին դատարանի տված ազատազրկման հետ կապված: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի` 14-ին կայացրած վճռով կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել էր 11 տարի 6 ամիս, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը՝ 11 տարի, իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարի ժամկետով ազատազրկման։ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է պատժի կրումից:

Վերաքննչի  բողոքը վերաբերում է տուժածի կյանքի իրավունքի խախտման փաստը արձանագրելուն:

«Զինվորը գտնվում է պետության հովանավորության տակ: Ուսսի պետությունը պետք է պատասխանատվություն կրի և պատասխան տա, երբ նրան զրկում են կյանքից: Մենք ուզում ենք, որ տւժածի կյանքի իրավունքի խախտման փաստը  ընդունվի, և սա նախադեպ դառնա»,- ասել է փաստաբանը:

Վերաքննիչ բողոքում կողմը պահանջում էր նաև Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման համար բարոյական վնասի փոխատուցում սահմանել 5 միլիոն դրամի չափով: