Home / Հայաստան / Խաբված բնակարանատերերը պարզել են` ինչու իրենց խնդիրը չի լուծվում (ՖՈՏՈ)

Խաբված բնակարանատերերը պարզել են` ինչու իրենց խնդիրը չի լուծվում (ՖՈՏՈ)

Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը  երկար փնտրտուքներից հետո վերջապես գտել են իրենց այսքան տարիներին տանջող հանելուկի պատասխանը՝ ինչու պատկան մարմինները չեն լուծում իրենց բնակարանների խնդիրը:

Իրենց բնակարանների հարցերով զբաղվող իրավասու իրավապահ մարմինները մոտեցել  են «Գաբբնակշինին» ու, տեղում համոզվելով, որ հանցագործությունը ակնհայտ է,չեն հրաժարվել օգտվել մի քանի բնակարան անօրինական ճանապարհով ձեռք բերելու առաջարկությունից, հավատացած են բնակարանատերերը, ովքեր այսօր հերթական բողոքի ակցիան էին անցկացնում նախագահական նստավայրի մոտ:

«Արդեն քանի ամիս է` հույսով սպասում ենք, որ մեր իրավապահները, իշխանությունը, կառավարությունը որևէ ելք կգտնեն՝ մեզ այս վիճակից հանելու համար: Հանցագործությունն ավելի քան բաց է, սակայն տառացիորեն ոչ ոք ոչինչ չի անում: Բոլոր նրանք, ովքեր մտել են այս խոհանոց, անպայման օգտվել են կարասի մեղրից: Ով եկել է ստուգելու, պարտադիր մի քանի տուն վերցրել ու կողքի է կանգնել», – Epress.am-հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:

Նա վստահեցրել է, որ ամենամեծ ավարը յուրացրել է նախագահի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը:

«Փետրվար-մարտ ամիսներին բնակիչների բողոքների հիման վրա Հովսեփյանը  ստուգումներ է անցկացրել «Գաբբնակշին» ՍՊԸ-ում և ստուգումներից հետո, շատ հանելուկային զուգադիպությամբ, ապրիլ ամսին, դիմելով Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, մայիսին միանգամից ստացել է 8 դատական վճիռ՝  24 բնակարանի, 1 բիզնես-տարածքի  և 27 ավտոտնակի համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 5 միլիոնն  դոլլար արժողությամբ գույք», – նշել է Մաղաքյանը:

Բնակարանատերերը սեփական միջոցներով պարզել են բնակարաններ  ստացողների  ինքնությունը:

«Ցուցակի բնակարաններից 2-ը Հովսեփյանի անունով են, 3-ը  կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի, 3-ը քենու՝ Գայանե Միրզաբեկյանի, 3-ը իր քրոջ՝  Ջենի Հովսեփյանի, 3-ը փեսայի՝ Ռոբերտ Մանուկյանի անուններով: Այնուհետ  ցուցակը շարունակում են ոմն Մհեր Բիշարյանն ու  Հովսեփյանի ողջ գերդաստանի ահելներն ու ջահելները», – պատմել է Մաղաքյանը:

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ  բոլոր բնակարանները ձեռք են բերվել հետին ամսաթվերով:

«Նոտարը Ալվարդ Մելքոնյանն է, ով նկարել է այդ թվերը: Անգամ կիսագրագետ փորձագետը, այս թղթերը ստուգելով, կտեսնի հանցագործություների մեծ փունջը: Այստեղից հետևություն, որ մեր նախագահի Վարահսկողական  ծառայությունն աշխատում է ոչ թե հանցագործություններ բացահայտելու, այլ այդ հանցագործությունից իր յուղոտ պատառը պոկելու համար, ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ», – նշել է Մաղաքյանը և հավելել, որ այստեղ միայն անելիք ունի նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր շրջապատը  պետք է ազատի նման պաշտոնյաներից, որպեսզի ոչ երկիրը կանգնի նման ծանր վիճակի առաջ, ոչ էլ ինքը հայտնվի ամոթալի վիճակում:

Բնակարանատերերի համոզմամբ իրենց հույսը միայն կարող են կապել Աստծո հետ ու խնդրել այնպիսի նախագահ, ով կմտածի հասարակ ժողովրդի մասին, այլ ոչ թե ՝ իշխանավորների:

«Դպրոցական տղայիս շարադրություն էին տվել՝ «Ես հպարտ եմ, որ հայ եմ ու ապրում եմ Հայաստանում», այն երեխային, ով արդեն քանի տարի հայտնվել է փողոցում ու գրի, որ ինքը հպարտ է, որ ծնվել է ազատ, անկախ Հայաստանում, երեխաս չգրեց ու երկուս ստացավ, քանի որ խնդրեց օգնել, իսկ ես չկարողացա խղճիս դեմ գնալ  ու ստել: Ինքս մանկավարժ եմ ու թույլ չեմ տա, որ 5-րդ դասարանցի տղաս հիմիկվանից ստել սովորի: Հպարտանալու ոչինչ չունեմ, ընդամենը կասեմ՝ ես ամաչում եմ, որ հայ եմ», – ասել է ակցիայի մասնակից Սահականույշ Գրիգորյանը: