Home / Տեսանյութեր / Սոցցանցերում բուռն քննարկում են ռուսաստանյան հեռուստաալիքի հերթական «պատվերը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոցցանցերում բուռն քննարկում են ռուսաստանյան հեռուստաալիքի հերթական «պատվերը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանյան «НТВ» հեռուստաալիքը երեկ երեկոյան «Բողոքի անատոմիան» վերնագրով տեսանյութ է հեռարձակել` նվիրված «Հանուն արդար ընտրությունների» ակցիայի մասնակիցներին: Տեսանյութով փորձ է արվում մերկացնել ընդդիմությանը. հեղինակները պնդում են, որ ակցիայի մասնակիցներին փող են բաժանել: Թե ով է վճարել գումարը, չի նշվում, սակայն ակնարկվում է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ:

Տեսանյութում ասվում է, որ ակցիային հետևում էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնք հրաժարվել են պատասխանել որևէ հարցի` նշելով, որ չեն տիրապետում ռուսերենին:

Միևնույն ժամանակ, խոսելով «ԱՄՆ դեսպանատան մարդկանց» մասին, կադրում ցույց են տալիս գերմաներեն խոսողի:

Վերջում ասվում է, որ ԱՄՆ-ն, չնայած իր ծանր վիճակին, պատրաստ է նպատակաուղղված ֆինանսավորել ռուսաստանյան իշխանությունների դեմ պայքարողներին, հաղորդում է Newsru.com-ը:

Ֆիլմը շատ արագ տարածվել է համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը խիստ կասկածի տակ են դնում տեսանյութի ճշմարտացիությունը և ամենուրեք թողնում են «НТВ-ն ստում է» գրությունը:

Ֆիլմին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, մասնավորապես, «Կոմերսանտ»-ի մեկնաբանները, որոնք նշում են, որ «Գազպրոմ-Մեդիայի»-ին պատկանող «НТВ»-ի եթերում նման բնույթի նյութերը նորություն չեն և որ հեռուստաընկերությունը կատարում է իշխանությունների հերթական պատվերը: