Home / Հայաստան / Դիտավորյալ սպանություն է, պնդում է փորձագետը բանակում զոհվածի դին զննելուց հետո

Դիտավորյալ սպանություն է, պնդում է փորձագետը բանակում զոհվածի դին զննելուց հետո

Քիչ առաջ  դատաբժշկական կենտրոնի դիահերձարանում ավարտվել է երեկ ԼՂՀ զորամասերից մեկի դիտակետում զոհված Տիգրան Վարյանի դիահերձումը, որը ցույց է տվել, որ զինվորը ինքնասպան չի եղել, այլ դիտավորյալ սպանության զոհ է դարձել: Այս մասին Epress.am-ին ասել է «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

Վերջինս հիշեցրել է, որ համաձայն գործով քննիչ Յուրա Բադալյանի` Տիգրանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված խոշոր տրամաչափի AKM տեսակի ինքնաձիգով: Սակայն  դատաբժշկական քննությունը, որին երկար քաշքշուկներից հետո, զոհվածի ընտանիքի անդամների խնդրանքով, թույլ են տվել մասնակցել նաև Ռուբեն Մարտիրոսյանին, ցույց է տվել, որ զինվորի դեմքի տարբեր շրջաններում, շրթունքների շրջանում, ծնոտի ներքևի հատվածում, քթի ստորին հատվածից  մի քանի սանտիմետր ներքև և ձախ մասում հայտնաբերվել են տարբեր չափերի վնասվածներ, որոնք առաջացել են մահվանից կարճ ժամանակ առաջ` սահմանափակ մակերեսով բութ առարկայով:

Զինվորական փորձագետը հայտնել է, որ փորձաքննությունից հետո, ինքը եզրակացության մեջ գրել է, որ, դատելով վնասվածքներից, անհնար է, որ դրանք հասցված լինեն ձեռքով: Ի դեպ, նա նշել է, որ այս տեսակետի հետ համաձայնել է ռազմական բժիշկ Սևոյանը, ով ներկա է եղել զննությանը:

«Կարելի է ենթադրել, որ ծեծին հաջորդել է կրակոցը, այսինքն` ինքնասպանությունը բացառվում է, սա դիտավորյալ սպանություն է: Հաղորդագրության մեջ պետք է գրեին` սպանություն չճշտված պայմաններում հարուցված հրազենային վնասվածքից, իսկ նախնական վարկածով դեպքը ինքնասպանություն որակելը հանցագործություն է» ,- ասել է ռազմական փորձագետը:

Վարյանի ընտանիքը ևս անհնար է համարում վարկածը, թե զինվորը ինքնասպան է եղել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Տիգրանի զարմուհի Թամարա Գզիրյանը:

«Երեկ մեզ տեղեկացրել են, թե իբր Տիգրանը ինքնասպան է եղել, սակայն մենք չենք հավատում այդ վարկածին: Մեզ ոչ մի տեղեկություն չեն հաղորդում: Չգիտենք` ինչ անենք ու ում դիմենք», – ասել է Թամարան: Նա հավելել է, որ  Տիգրանի հետ նույն զորամասում  ծառայել է նրա ավագ եղբայրը, որը, սակայն, զորացրվել է երեք ամիս առաջ:  Եղբայրն ասել է, որ  իրենք հարմարված են եղել զորամասին և խնդիրներ չեն ունեցել ոչ մեկի հետ:

«Մենք Տիգրանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել  դեպքից երկու օր առաջ, նրա տրամադրությունը  բարձր էր, ոչ մի բողոք չի ունեցել. ուստի անհնար է, որ մի օրվա մեջ նա որոշում կայացներ ինքնասպան լինել»,- ասել է Թամարան: