Home / Հայաստան / Չարիքի դեմ ապստամբությունը դրական է. չհաշտվող սատանիստի և հաշտվող քրիստոնյայի մասին

Չարիքի դեմ ապստամբությունը դրական է. չհաշտվող սատանիստի և հաշտվող քրիստոնյայի մասին

Լրագրող, բլոգեր Բայանդուր Պողոսյանը (լուսանկարում) այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է, որ ինքը ունի սատանիստական հայացքներ, և պարզաբանել է դրանց էությունը, իր խոսքով, սատանիզմի մասին սխալ ընկալում ունեցողների համար: Հիշեցնենք, որ Պողոսյանը Մաշտոցի այգում բնապահպանների բողոքի ակցիաների մասնակիցներից է, իսկ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում խոսվում է նրա` սատանիստ լինելու մասին:

Պողոսյանը նաև հորդորել է իր հայացքների վրա չկենտրորնանալ, քանի որ նման մասնավոր դեպքերի վրա սևեռվելը շեղում է հասարակական ուշադրությունը   առանցքային` այս դեպքում Մաշտոցի այգու խնդրից:

«Նախ ես սատանայապաշտ չեմ, այլ սատանիստ: Ես չեմ հայտարարել այգում, որ ես սատանիստ եմ:  2001 թվականից ես երբեք չեմ թաքցրել իմ սատանիստ լինելը: Եթե մենք հիմա իմ հայացքները քննարկենք, աստվածաբանական քննարկման կգանք, որտեղ կողմերից ոչ մեկը հաղթող դուրս գալ չի կարող: Սատանիզմը դա պաշտամունքի մոդելի բացակայություն է: Ես պաշտամունքային մոդելից զուրկ անձնավորություն եմ», – ասել է Բայանդուր Պողոսյանը:

Նրա խոսքով` իր սատանիստ լինելու փաստը բնավ կապ չունի իր քաղաքացիական դիրքոշման հետ, որ նա արտահայտել է` Մաշտոցի այգում  հացադուլ հայտարարելով, սակայն դա սկսել է շահարկվել որոշ մարդկանց կողմից, որից հետո է նա ստիպված եղել այդ թեմայի մասին խոսել:

Ասուլիսի մյուս բանախոս գրող Մարինե Պետրոսյանը հայտնել է, որ իր համար սատանիզմի մասին իմանալու առիթ Բայանդուրի պատմությունն է հանդիսացել:

«Ինձ համար հետաքրքիր ա սատանիզմը, և Բայանդուրի տեսակի հայտնվելը շատ թանկ բան ա: Հասարակության զարգացման համար կարևորը երիտասարդներն են:  Մեր երիտասարդները պահպանաողական են, կոնֆորմիստ են, խոսում են հայրենասիրությունից, բայց դրա տակ ոչինիչ չեն տեսնում: Այս պայմաններում Բայանդուրի հայտնվելը շատ թանկ է», – նկատել է Մարինե Պետրոսյանը:

Գրող Վարդան Դևրիկյանը հակադարձել է Մարինե Պետրոսյանին` ասելով, որ ինքը անընդունելի է համարում Բայանդուրի տեսակի գոյությունը և հույս ունի, որ  «ազնիվ մոլորյալ Բայանդուրը մի օր դարձի կգա»:

«Ես ֆեյսբուքյան քննարկումները պարապ մարդկանց զբաղմունք եմ համարում: Ես կարդում եմ տպագիր մամուլ և դրանցից եմ տեղեկացել Բայանդուր Պողոսյանի մասին: Որևէ նորմալ մարդ չի կարող սատանիստ լինել: Սատանան սպանության գաղափարի կրողն է: Եթե ես վամպիրին ընկալեմ որպես դժբախտ սիրահար, նա կդառնա դժբախտ սիրահա՞ր»,- ասել է Դևրիկյանը` նկատելով, որ  սատանիստ լինելը հակասում է ոչ միայն քրիստոնեական, այլև  բոլոր հայտնի բարոյական նորմերին, և խախտում է մարդկային համակեցության օրենքները:

Այս դիտարկմանը արձագանքելով` Մարինե Պետորսյանը հարցով դիմել է Դևրիկյանին. «Ինչո՞ւ չես ասում` բարոյական չի չպաշտպանել ընկածին: Բարոյակա՞ն է էն մարդը, ով քրիստոնյա է, և հաշտվում ա ընտրակեղծիքների հետ և ամեն անօրինությունների, որ կատարվում են հիմա Հայաստանում: Ինձ համար Դեմոնը ասոցացվում է ապստամբության հետ: Ես բացատրում եմ` ինչու կարող է լինել դրական: Չարիքի դեմ ապստամբությունը դրական է»,- ասել է գրողը: