Home / Հայաստան / «Քեյսով մտան դատարան». բնակիչները պահանջում են կալանավորել իրենց խաբած գործարարին

«Քեյսով մտան դատարան». բնակիչները պահանջում են կալանավորել իրենց խաբած գործարարին

«Գապբնակշին» ընկերության բաժնետերեր Սիմոն Աղազարյանը պատրաստվում է փախչել Հայաստանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խաբված բնակարանատեր Սոնիկ Մաղաքյանը: Հիշեցնենք, որ «Գապբնակշինը» 2004 թվականից պայմանագրեր է կնքել Արամի, Եկմալյան, Բուզանդ և Սարյան փողոցների սեփական տներում բնակվող մարդկանց հետ` խոստանալով այդ վայրում շենքեր կառուցելուց հետո նրանց բնակարաններով ապահովել: Սակայն բնակարանները վաճառվել էին մի քանի անձանց միաժամանակ, դեպքի առիթով նախորդ տարվա վերջին քրեական գործ էր հարուցվել, իսկ «Գապբնակշինի» տնօրեն Գագիկ Պապոյանը փախուստի է դիմել և այժմ գտնվում է Հայաստանից դուրս:

Մաղաքյանի խոսքով` այժմ էլ Աղազարյանն է ցանկանում հեռանալ Հայաստանից:

«Այդ մասին ես անձամբ տեղեկացրի դատախազ Սամվել Հարությունյանին, ՀՔԾ-ի ղեկավար Վահե Ջանազյանին, իսկ նրանք էլ տեղեկացրին դատավոր Մխիթար Պապոյանին: Սակայն արդյունք չտվեց: Չնայած ամիսներ առաջ դատավոր Պապոյանը շատ թատերական ձևով պահանջել էր Սիմոն Աղազարյանի անձնագիրը որպես միջոց  Հայաստանը լքելուց զրկելու համար, սակայն Սիմոնի անձնագիրը ձեռքից չէին վերցրել, և նա պատրաստվում էր պետությունից փախչել: Հինգ օր առաջ էր, որ նա տոմսը գնել էր և ցանկանում էր հեռանալ: Արդեն պետք է գնացած լիներ,  բայց դա մենք կանխել ենք` մեր աղբյուրներից տեղեկանալով նրա ցանկության մասին, և տեղեկացնելով համապատասխան մարմիններին: Չնայած դա բավարար չի, քանի որ կալանք կիրառված չէ նրա նկատմամբ, նա ցանկացած պահի կարող է հանրապետությունից փախչել», – ասել է Մաղաքյանը:

Սոնիկ Մաղքայանը հիշեցրել է, որ իրենց  փաստաբանը դատարանում  միջնորդություն էր ներկայացրել, որով խնդրել էր, որպեսզի Սիմոն Աղազարյանին կալանավորեն: Սակայն, Մաղաքյանի խոսքով, դատավոր Մխիթար Պապոյանը «շատ հանելուկային ձևով մերժել է միջնորդությունը` խաղալով իր կարիերայի հետ»:

«Միջնորդությունից հետո Սիմոնական ճամբարում խուճապ սկսվեց, սկսեցին տարբեր ջիպավոր անձնավորություններ ժամանել դատարան:

Դատավորին մոտեցան քեյսով անձնավորություններ, և դատավորը  պաշտոնապես մերժեց միջնորդությունը: Ինչպես Պապոյանին են իրենք փախցրել, նույն ձևով էլ Սիմոն Աղազարյանին», – ասել է Մաղաքյանը:

Վերջինս նաև նշել է, որ այս դեպքում իրենք լրատվամիջոցների միջոցով պաշտոնապես տեղեկացնում են ՀՀ ոստիկանապետին, ՀՔԾ-ին, Հանրապետության նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, որ «Սիմոն Աղազարյանը խարդախության ռեկորդակիր է և պատրաստվում է  հանրապետությունից փախչել»:

Եթե նրանք թույլ տան հերթական անգամ Աղազարյանը փախչի, ապա դա  կնշանակի, որ ամբողջ պատասխանտվությունն ընկնում է մեր իրավական համակարգի վրա», – ասել է Մաղաքյանը: