Home / Հայաստան / Ով է Աշոտ Ֆրանգուլյանը. նոր մանրամասներ Հայկ Գևորգյանի գործով

Ով է Աշոտ Ֆրանգուլյանը. նոր մանրամասներ Հայկ Գևորգյանի գործով

«Հայկական ժամանակ» օրաթերթը նոր ապացույցներ է ստացել առ այն, որ Հայկ Գևորգյանի հետ կապված միջադեպը սարքվել է ոստիկանների կողմից։

Իր այսօրվա համարում թերթը գրում է, որ իրենց հետ զրուցել է ՀՀ մի քաղաքացի, ով առայժմ չի ցանկացել հրապարակել իր անունը, պատմելով հետևյալը.

«Մեր տանը բանվորի գործ կար, բաղնիքի և զուգարանի արանքի պատը պիտի քանդվեր։ Հունվարի 13- ին որդիս գնաց ֆայլաբազարից մարդ բերելու և բերել էր էդ Աշոտ Ֆրանգուլյանին։ Որ հենց նա է Հայկ Գևորգյանի գործով տուժողը, մենք իմացել ենք հետո հեռուստացույցից, որովհետև միջադեպի օրը նա մեր տանը գործ անելիս է եղել, օրվա առաջին կեսին, հետո անհետացել: Առավոտյան եկավ գործ արեց մի քիչ, ու մեկ էլ մոտս եկավ` ասելով, թե՝ հեսա կգամ։ Հետևից դուրս եկա, տեսնեմ՝ ուր ա. մոտակա պադյեզդում ինչ-որ մարդկանց հետ խոսում էր։ Այդ խոսակցությունից հետո եկավ, շարունակեց գործ անել։ Հետո ես գնացի շուկա, վերադարձա, տեսնեմ՝ չկա։ Տղայիս հարցրի՝ բա ու՛ր ա մեր բանվորը։ Նախ, թե՝ ինչ-որ մարդիկ եկան կանչեցին, ոնց որ ոստիկաններ էին, հետները գնաց։ Էդ գնալն էր, ինչ գնաց, ընդ որում՝ մեր գործը կիսատ թողնելով։ Ամենատարօրինակն այն էր, որ մեր տանն էր թողել վերարկուն, հեռախոսը, ծխախոտը, վառիչը, էս ամենը թողել ու անհետացել էր։ Տղաս այս իրավիճակի վրա ահավոր նյարդայնացել էր, որովհետև կոնկրետ գործ էին պայմանավորվել, բայց Աշոտ Ֆրանգուլյանը կիսատ թողեց՝ անհետացավ: Անհետացավ-անհետացավ. տղաս ուրիշ մարդ բերեց այդ գործերը արեց այդ մարդը, չնայած Աշոտի հեռանալու պատճառով մեր գործը երկու օր պռավալ գնաց։ Բայց ես անհանգիստ էի, ասում էի՝ էդ Աշոտը շորերը թողել է մեր տանը, անհետացել` մեզ մի պատմության մեջ չգցի, մի փորձանքի եկած չլինի։ Էդ իրա վեշերն էլ չգիտեմ ինչ անեմ, ուր դնեմ։ Մեկ մտածեցինք՝ իրա հեռախոսի մեջ եղած մի համարով զանգենք, մեկ ասեցինք՝ գործ չունենք։

Էսպես տարօրինակ վիճակ էր, վեց օր չկար էդ Աշոտ Ֆրանգուլյանը։ Վեց օր հետո հայտնվեց։ Երեկոյան կողմ էր՝ կնոջ հետ եկավ։ Հենց եկավ, հարձակվեցի վրան, ասացի՝ տո աննամուս, սենց բան ե՛ն անում, գործը կիսատ թողել ես գնացել։ Ասաց՝ խնդրում եմ, մի ջղայնացի, դեպք է պատահել։ Սկզբից ասաց՝ հարևանի տանը գողություն էին արել, ինձ կասկածեցին, հետո էլ ասաց, թե ինձ ավտոյի տակ են գցել։ Զարմացա, ասի՝  էդ ո՛նց են ավտոյի տակ գցել, որ տենց ման ես գալիս։ Ոչ ձեռնափայտ ուներ, ոչ հենակներ…իրերը հավաքեց, գնաց»։

Թերթը նշում է, որ Կենտրոնի ոստիկանության մի նախկին աշխատակից «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ճանաչում է Աշոտ Ֆրանգուլյանին, քանի որ տարիներ առաջ նրան տեսել է ոստիկանության Կենտրոնի բաժնում բանվորություն անելիս։

«Երբ այս փաստերը համադրում ենք, ստացվում է ահա, հետևյալ պատկերը. հունվարի 13-ին ինչ-որ մարդիկ մեզ տեղեկություն տրամադրած քաղաքացու տնից շտապ տարել են Աշոտ Ֆրանգուլյանին, դրանից որոշ ժամանակ առաջ նրա հետ նախնական զրույց ունենալուց հետո։ Տեղահանությունն, ընդ որում, այնքան շտապ է եղել, որ Ֆրանգուլյանը ուրիշի տանն է թողել իր վերարկուն, բջջային հեռախոսը, ծխախոտն ու վառիչը», – գրում է թերթը։