Home / Հայաստան / «Գործ ունենք մանյակների հետ». Հայկ Գևորգյանը պատրաստ է հասնել Եվրոպական դատարան

«Գործ ունենք մանյակների հետ». Հայկ Գևորգյանը պատրաստ է հասնել Եվրոպական դատարան

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանը, խոսելով իր դեմ առաջադրված վրաերթի մեղադրանքի մասին, չի բացառել, որ իր գլխին շատերն են ցանկանում գործ սարքել, սակայն հավելել է, որ բարեբախտաբար այս անգամ իր գործողություններն ուղղակի չտեղավորվեցին ծրագրված դավադրության մեջ, և  իր դեմ ծրագրավորվածը չհասավ իր նպատակին:

Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն և չեն հավատացել, որ ինքը կարող էր մարդուն վրաերթի ենթարկել և հետո անօգնական թողներ, ինչպես պնդում է ոստիկանությունը:

Ասուլիսի ընթացքում Գևորգյանը ներկայացրել է դեպքի մանրամասները:

Նրա խոսքով` հունվարի 13-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ հարցազրույցից հետո ինքը մոտեցել է նախարարույթան մայթին կանգնած իր մեքենային, նստել ու փորձել դուրս գալ հետընթացով: Այդ պահին նաև նկատել է, որ ինչ-որ մեկը (ինչպես հետագայում պարզվեց Աշոտ Ֆրանգուլյանը) կանգնած է մեքենայի հետևում: Մտածելով, թե այդ մարդը ավտոկայանի սպասարկող է, Գևորգյանը մեկնել է նրան 100 դրամանոց: Սկզբում անծանոթը հեռացել է` ճանապարհ տալով Հայկին, բայց նորից հետ եկել ու կանգնել մեքենայի հետևում: Դա կրկվել է մոտ 7 անգամ: Սակայն, Գևորգյանի պնդմամբ, ավտոմեքենայի հետ գնալու պահին Ֆրանգուլյանը գտնվել է հեռու` հարևանությամբ կանգնած մեքենայի հետևում, բայց բղավել է «վախ»: Լրագրողը դուրս է եկել մեքենայից և ասել, որ  ոստիկանություն կկանչի:

«Հետամուտ եմ լինելու որ այս գործը բացահայտվի, ինչքան էլ դա տևի` մի տարի, թե մի քանի տարի, որովհետև այստեղ կա իմ անվան խնդիրը: Ես կոնկրետ վերջնակետ չունեմ, ես ուզում եմ բացահայտվի դեպքը, և իմ բարի համբավի վրա մի բիծ չլինի: Գործ ունենք մանյակների հետ, ովքեր իրենց գործողությունների հետևանքն էլ չեն  պատկերացնում, չեն տեսնում պատճառահետևանքային կապը», – ասել է Հայկ Գևորգյանը:

Նա հույսը չի կապում Հայաստանի դատարանների հետ` շատ լավ իմանալով ոստիկանության և դատարանի մեջ եղած կապի մասին:

«Բոլոր ատյաններով անցնելու եմ, սակայն հույս չունեմ այս դատարաններից, հասնելու եմ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու չեմ զբաղվի: Դիվիդենտներ շահելու խնդիր չունեմ: Ուղղակի կանեմ այնպես, որպեսզի լրագրողները համարձակ լինեն: Սրանցից ամեն ինչ ա սպասելի»,- ասել է Հայկ Գևորգյանը: