Home / Հայաստան / Գասպարյանի նման մարդիկ իշխանության ղեկին լուրջ սպառնալիք են ստեղծում. Փաշինյան

Գասպարյանի նման մարդիկ իշխանության ղեկին լուրջ սպառնալիք են ստեղծում. Փաշինյան

Ոստիկանությունը չի կարող պնդել, որ չի կարողացել գտնել կամ չի ճանաչել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկումների պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանին, քանի որ հունվարի 13-ից հետո, երբ Գևորգյանը, ոստիկանության վարկածով, վրաերթ է կատարել, լրագրողը թերթի խմբագրության հեռախոսից, ինչպես նաև իր անձնական հեռախոսից զանգահարել է քննիչին և զրուցել վերջինիս հետ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նա քննիչին ասել է, որ ոստիկանություն կներկայանա միայն պատշաճ ձևով լրացված ծանուցագիր ստանալուց հետո: Հիշեցնենք, որ ոստիկանությունը իր հայտարարության մեջ նշել էր, որ Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռևս հունվարի 20-ից, իսկ լրագրողը ձերբակալվել է փետրվարի 3-ին:

«ՀՀ ոստիկանությունը` Վովա Գասպարյանի գլխավորությամբ ի վիճակի չէ ճշտել նույնիսկ իրեն կատարված զանգերի կոորդինատները: Անկեղծ ասած, ես հետևում էի վերջին օրերին այն  արձագանքներին, որ գտել էր Հայկ Գևորգյանի ձերբակալությունը հանրության շրջանում, քաղաքական, հասարակական ուժերի շրջանում, և, ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է քննարկենք ոչ թե Հայկ Գևորգյանի հետ տեղի ունեցածը, այլ մենք պետք է հասկանանք մի բան, թե առաջիկայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հայստանում, երբ  ոստիկանության նման ուժային կառույցը ղեկավարում է կասկածելի հոգեբանական և հոգեկան վիճակում գտնվող մի անձնավորություն: Ես երբ  բանտում էի, իշխանություներն անընդհատ խոսում էին մարտի 1-ի կրկնությունը թույլ չտալու, մարտի 1-ի սխալներից հետևություններ անելու մասին: Վովա Գասպարյանի նման մարդիկ պետական իշխանության ղեկին շատ լուրջ սպառնալիք են ստեղծում, որ Հայաստանում  մարտի մեկեր կարող են կրկնվել, որովհետև նրանք հիմա էլ էս կարգի լկտի կեղծիքներով փորձում են լռեցնել լրագրողներին», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով` եթե ոստիկանությունը փորձում է լռեցնել մի լրագրողի, որը ընդամենը շատ փոքրիկ կոոռուպցիոն երևույթներ է բացահայտել, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի այն լրագրողների հետ, ովքեր շատ շուտով կսկսեն բացահայտել ընտրակեղծիքներ, այնպիսի երևույթներ, որոնք ցույց կտան, որ ազատ, արդար ընտրություներ անցկացնելու Սերժ Սարգսյանի խոստումն ընդամենը փուչիկ է, ընդամենը հայաստանյան և միջազգային հանրության աչքերին թոզ փչելուն ուղղված արտահայտություն է:

Փաշինայնն իր գոհունակությունն է հայտնել, որ նաև խորհրդարանական ուժեր են արձագանքել Հայկ Գևորգյանի ձերբակալությանը և պատրաստակամություն են հայտնել միջնորդությամբ հանդես գալ դատարանին և երաշխավորել Հայկ Գևորգյանին` խափանման միջոցը` կալանքը փոխելու հարցում:

Եթե ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա այնքան լկտիություն, որ մտածի նույնիսկ Հայկ Գևորգյանին անազատության մեջ պահելու մասին, դա ուրեմն բոլորովին ուրիշ ուղերձ է ուղղված ոչ միայն «Հայկական ժամանակ» թերթին, ոչ միայն լրագրողներին, այլև ողջ հանրությանը: Եվ հանրությունը պետք է պատրաստ լինի համարժեք գնահատական և համարժեք արձագանք տալ այս ուղերձին», – ասել է Նիկոլ Փաշինյանը: