Home / Հայաստան / «Գիտես քոնը չեմ ասելո՞ւ». Մարգար Օհանյանը խոսում է, բայց դեռևս անուններ չի տալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գիտես քոնը չեմ ասելո՞ւ». Մարգար Օհանյանը խոսում է, բայց դեռևս անուններ չի տալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է մոտ 2 500 000  լիտր բենզին յուրացնելու մեջ: Նույն գործով որպես մեղադրյալներ են անցնում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը։ Նրանք կալանավորված չեն, և նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել Մարգար Օհանյանի դեմ:

Այսօրվա նիստին Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանի միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու կամ գրավով նրան ազատ արձակելու վերաբերյալ: Բացի դա, Օհանյանի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը շաքարային դիաբետ ունի և միջնորդել է  հաշվի առնել այն հանգամանքը, որ նա 30 տարի աշխատել է ՀՀ ոստիկանությունում: Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը, իր հերթին, ասել է, որ այս միջնորդությունը անհիմն է և ենթակա է  մերժման:

Մարգար Օհանյանն իր խոսքում ասել է, որ մինչ դատավոր Մխիթար Պապոյանը կհեռանա խորհրդակցական սենյակ, ինքը ցանկանում է դատավորին և դատախազին առանձին մի բան հայտնել` առանց լրագրողների ներկայության: Դատավորն ասել է, որ նման կարգ գոյություն չունի և Օհանյանը կարող է  բարձրաձայն ասել այն, ինչ ցանկանում է ասել: Մարգար Օհանյանը նշել է, որ չի ցանկանում այդ մասին բոլորին հայտնել: Դրանից հետո Մարգար Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Եթե նման իրավունք կա` կխնդրեի, որ ես այդ իրավունքից օգտվեմ, եթե չկա, ապա խնդիր չկա: Պարզապես ձեզ ասեմ. ինձ օգոստոսի 30-ին կանչել են ՀՔԾ, ընդամենը մեկ բացատրություն գրելուց հետո, որ նման բան չի եղել և չէր կարող լինել: Ուղիղ 40 րոպե հետո, վկայից դառնում եմ կասկածյալ, ինձ ձերբակալում են: Դա ուներ իր հանգամանքները, որը ես չեմ կարող հիմա հայտարարել, ես կուզենայի պարոն դատախազին ասել: Ուրիշ ոչ մի բան չունեմ ասելու: Ինձ արդեն 4 ամիս 9 օր է  անազատության մեջ են պահում` չգիտեմ ինչի… Ինձ պարզապես պետք էր հեռացնել: Պետք էր ձերբակալել, կալանավորել, որպեսզի կարողանային այդ ամենը, ինչ ի սկզբանե դրված էր, գար, իր ավարտական փուլին հասներ», – ասել է Մարգար Օհանյանը` առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի «այդ ամենը» ասելով:

Այս հայտարարությանն ի պատասխան` Հարություն Հարությունյանն ասել է, որ Օհանյանը կարող է օգտվել դռնփակ դատական նիստ անցկացնելու հնարավորությունից, հակառակ դեպքում դատախազը խորհուրդ է տվել   հասարակության մոտ թյուր կարծիք չձևավորելու համար նման մերկապարանոց հայտարարություններ չանել:

Դատախազի հայտարարությանն Օհանյանն արձագանքել է  հետևյալ կերպ.

«Ես ուղղակի ուզում  էի Ձեզ ասել,  Ձեր խղճի առաջ ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք: Ուրիշի, իմ անձնական հարաբերությունները համապատասխան ղեկավարների հետ ավարտական փուլին էստեղ մի հասցրեք»:

Մարգար Օհանյանի հետագա խոսքը բավական հախուռն է եղել: Նա կրկին ընդհանրացրել է ասելիքը` չնշելով անուններ: Դիմելով դատախազին և դատավորին` նա ասել է, որ ցանկանում էր նրանց պատմել, թե «որը ոնց ա եղել, ում քանի ժամ են պահել և ով ա եղել միջնորդը այս երկրում»:

«Անունը չեմ ուզում տամ, որ այ նրան (մատնացույց է անում իր դեմ ցուցմունք տված մեղադրյալներից մեկին) հանել ա, տարել ա 6-րդ վարչությունից գիշերը ժամը 3-ին: Ասում եմ, որ դուք իմանաք, դուք չգիտեք (դիմում է դատավորին և դատախազին): Էս վերջում էլ իր նկատմամբ քրեական գործ չհարուցեցին, մերժեցին: Գիտես չեմ ասելո՞ւ: Կամ քոնը չեմ ասելու, հետո ինչ որ պատգամավոր ա  (մատնացույց անելով իր դեմ ցուցմունք տված մյուս մեղադրյալին)», – ասել է Մարգար Օհանյանը:

Այս պահին դատավոր Մխիթար Պապոյանը հեռացել է  խորհրդակցական սենյակ` միջնորդությունը քննելու համար: Որոշումը կհրապարակվի ժամը 14.30-ին: