Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է չկուսակցականացնել եկեղեցին

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է չկուսակցականացնել եկեղեցին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պաշտոնական նամակ է հղել Հայաստանի և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Նամակում ասված է.

«Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիև առաջարկում ենք հետևյալ հիմնաքայլերը.

ա) Ձեր և պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից:

բ) Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջև բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը:

գ) Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միևնույն պայմաններով օգտագործման ապահովումը:

դ) Ձեր կամ որևէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից:

ե) Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում:

զ) Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում:

է) Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների,

օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով:

ը) Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների և Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը:

թ) Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որևէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձեւով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը:

ժ) Մրցակցության, այդ թվում և ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը:

ի) Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի և այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների և պաստառների առումով:

լ) Ձեր կամ որևէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձևից, բովանդակությունից ու անվանումից:

խ) Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական և ընտրական գործընթացներում:

ծ) Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը:

կ) Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը»: