Home / Հայաստան / Աղմկահարույց սպանության գործով մեղադրյալին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման

Աղմկահարույց սպանության գործով մեղադրյալին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատավարությունը: Երիտասարդի սպանությունը տեղի էր ունեցել 2010 թվականի մայիսի 12-ին:

Վերջին դատական նիստի ժամանակ դատավորը որոշում ընդունեց մեղադրյալներից Արսեն Ահարոնյանի նկատմամբ 235 հոդվածի 1-ին մասով  (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը) քրեական հետապնդումը դադարեցնել և կիրառել համաներում, իսկ 258 հոդվածի 4-րդ կետով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) վճռեց  նրան դատապարտել 5  տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Արսեն Ահարոնյանին, ով Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի քրոջ որդին է, գործի սկզբում սպանության մեղադրանք էին առաջադրել, և նա ընդունել էր իր մեղքը, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից և դրանից հետո սպանության մեղադրանք էր առաջադրվել Վռամ Բաղդասարյանին:

Նշենք, որ այս գործի քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվել էր պաշտոնից և կալանավորվել:

Վռամ Բաղդասարյանին դատարանը մեղավոր ճանաչեց սպանության մեջ և վճռեց  նրան դատապարտել 14 տարվա ազատազրկման: Գործով անցնող Պետրոս Գրիգորյանը և Դավիթ Սանդալջյանը, որոնք նույնպես մասնակցել էին այն միջադեպին, որի հետևանքով սպանվել էր  Խաչիկ Մկրտչյանը, ազատ արևձակվեցին դատարանի դահլիճից, քանի որ նրանց նկատմամբ համաներում կիրառվեց:

Եվս երկու մեղադրյալ՝ Հայկ Սանդալջյանը և Արթուր Փոխարյանը, դատապարտվեցին  5  տարվա ազատազրկման:

Մինչև վճիռը երիտասարդները հանդես են եկել վերջին խոսքով, որի ժամանակ պահանջել են դատարանից արդարացի դատավճիռ կայացնել: Վռամ Բաղդասարյանն ասել է, որ ինքը չի կատարել իրեն վերագրվող հանցագործությունը:

Նա նաև նշել է, որ ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար կալանավորված Հովհաննես Թամամյանը Հովհաննես Շահինյանի ընտանքի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել, և ավելի տրամաբանական կլիներ, որ նա պաշտպաներ և կոծկեր Արսեն Ահարոնյանին և ոչ թե իրեն:

Երիտասարդների վերջին խոսքից հետո դատավորը հայտարարել է 1,5 ժամ ընդմիջում, իսկ երբ ընդմիջումն ավարտվել է, մեղադրող դատախազները չեն վերադարձել դատարանի դահլիճ, և դատավորը վճիռը կայացրել է նրանց բացակայությամբ: Վռամ Բաղդասարյանի պաշտպաններ Նինա Կարապետյանցի ու Գայանե Խաչատրյանի կարծիքով՝ դատախազները վստահ էին, որ վճիռն այդպիսին է լինելու, այդ պատճառով էլ  չեն վերադարձել:

Epress.am-ի հետ զրույցում Բաղդասարյանի պաշտպաններն ասել են, որ անպայման դիմելու են վերաքննիչ դատարան:

«Առանց ապացույցների, առանց հիմնավորումների մարդուն ազատազրկում են 14  տարով: Ես սա որակում են խայտառակ դատավարություն: Անարդար դատարանի անարդար  դատավճիռ կայացվեց»,- ասել է  Գայանե Խաչատրյանը:

Հելսինկյան ասոցիացիան ներկայացրել է դատական նիստի ընթացքը տեսանյութով.