Home / Հայաստան / Ինչ պետք է անել Հայրիկյանին միանալու համար

Ինչ պետք է անել Հայրիկյանին միանալու համար

Երբեմն քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց թույլ են տալիս ունենալ նախասիրություններ, օրինակ, գերադասել խորհրդարանական կառավարման մոդելը, կամ տնտեսական այս կամ այն մոդել: Այսպես է «Փոքր Խորհուրդ» հասարակական-գաղափարական խմբի նիստին սկսել իր` «Ինչպիսին պետք է լինի կատարյալ ժողովրդավարական խոհրհրդարանական համակարգը» զեկույցը ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ժամանակին ես էլ էի ինձ թույլ տալիս ունենալ նախասիրություններ, սակայն մարդկությունը եկել է մի հայտարարի, որ քաղաքական գործչի միակ նպատակն է՝ լավագույնս իրականացնել մարդու իրավունքները, և ոչ թե սեփական նախասիրությունները: Ներկայիս աշխարհում ստանդարտ համարվող, խորհրդարանական ընտրությունների մոդելի թերությունն այն է, որ արդյունքում ձևավորվում է ոչ թե բոլոր քաղաքացիների քվեները ներկայացնող խորհրդարան, այլ՝ միայն հաղթած քաղաքացիների: Այն քաղաքացիների ձայները, որոնց ընտրյալը չի անցել խորհրդարան, փաստորեն, կորում են: Քաղաքացիները կորցնում են իրավահավասարությունը, առաջանում է խտրականություն և հասարակության պառակտում: Դրանից բացի՝ տարբեր պատգամավորներ տարբեր քանակությամբ ձայներ են ստանում, տարբերությունը կարող է հասնել հինգ անգամի, սակայն ամեն մեկը խորհրդարանում ունի նույն մեկ ձայնը: Մինչդեռ, պատգամավորների իրավահավասարությունը ամրագրված չէ սահմանադրորեն, ամրագրված է միայն քաղաքացիների իրավահավասարությունը», – պատմել է Հայրիկյան:

Վերջինս մշակել է մի բանաձև, որը թույլ է տալիս խորհրդարանում որոշումներ կայացնելիս չկորցնել ոչ մի քաղաքացու ձայնը: Ըստ այդ բանաձևի, ամեն մի պատգամավոր քվեարկում է իր ունեցած քվեների քանակով, ինչպես դա վաղուց հաջողությամբ արվում է տնտեսական համակարգում՝ բաժնետիրական ընկերություններում, որտեղ ամեն մեկը քվեարկում է իր բաժնետոմսերի քանակով: Քաղաքացին, քվեարկելով, դրանով իսկ պայմանագիր է կնքում իր պատգամավորի հետ իր շահերը ներկայացնելու մասին, և պետք է տեսնի, թե ինչպես է օգտագործվում իր ձայնը: Ընտրությունները, ըստ առաջարկվող համակարգի, կատարվում են հաճախ, երկու տարին մեկ, պատգամավորները ընկալվում են ոչ թե իբրև իշխանավոր, այլ իբրև միջնորդ, և կարող են ցանկացած պահին հետ կանչվել համապատասխան արարողակարգով: Ընտրությունների ժամանակ պարտված թեքնածուները կարող են փոխանցել իրենց ձայները հաղթածներին, կամ՝ չփոխանցել, բայց դա կդիտվի իբրև անպատասխանատու վարք, քաղաքացիների ձայների խորհրդարան չհասցնել, և նման թեկնածուն կորցնում է հետագայում քաղաքացիների վստահությունը: Համամասնական ցուցակներով ընտրությունների ժամանակ՝ ով որ կուսակցության ցուցակից չի անցել, ձայները փոխանցում է անցած կուսակիցներին: Այս ծրագիրը Պարույր Հայրիկյանը բնորոշել է իբրև իշխանական համակարգում քաղաքացիների կատարյալ ներկայացուցչություն ապահովող ծրագիր և կարծիք  հայտնել, որ այսօրվա Հայաստանի հիմնական խնդիրն է՝ անել այնպես, որ քաղաքացին իրեն կարողանա երկրի տեր զգալ:

Նիստի ընթացքում Հայրիկյանը նաև հերքել է ԱԻՄ լուծարելու և ՀՀԿ-ին միանալու լուրը իբրև սուտ, և հայտնել, որ նա ու ԱԻՄ-ը պայքարում են ոչ թե իշխանության, այլ այս մոդելի ներդրման համար, և պատրաստ են նախընտրական դաշինք կազմել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն այս մոդելը:

Պատասխանելով նիստի մասնակիցների այն հարցին, թե ինչպես ներդնել այդ զարգացած մոդելը, երբ երկրում չի գործում անգամ տարրական ընտրությունների համակարգը, Հայրիկյանը կարծիք է հայտնել, որ եթե քաղաքական ուժերը կարողանան այս համակարգի շուրջ միավորվել և միավորել քաղաքացիներին` կնքելով նրանց հետ կոնկրետ նախընտրական պայմանագիր, ապա դա մեծագույնս կնպաստի նաև տարրական ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում:

Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ նման համակարգի ներդրումը կխանգարի խոշոր քաղաքական կուսակցությունների կայացմանը, որոնք, իր տեսանկյունից, միակն են, որ ընդունակ են անցկացնել վճռական արմատական փոփոխություններ, և կխթանի մանր կուսակցություններին ու կեղծ թեկնածուներին, որոնց միակ նպատակը կլինի ձայների վերավաճառքը, և դա կհանգեցնի թույլ, անկայուն ու անվճռական իշխանական կոալիցիաների միջոցով իրականացվող կառավարմանը:

«Փոքր խորհուրդը» որոշել է հետագայում շարունակել տվյալ հարցի քննարկումը:

Տեքստը տրամադրեց Արա Նեդոլյանը