Home / Հայաստան / Քննիչն իրեն գողականի պես էր պահում. ակտիվիստ

Քննիչն իրեն գողականի պես էր պահում. ակտիվիստ

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի 3 ակտիվիստներ Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը և Դավիթ Քիրամիջյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ Վահագն Գևորգյանի նկատմամբ ՀՔԾ-ի քննիչ Գևորգ Գևորգյանը բռնություն է կիրառել: Այդ մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է  Վահագն Գևորգյանը:

Երիտասարդներին ՀՔԾ էին հրավիրել օգոստոսի 9-ին Ազատության հրապարակի մոտակայքում Կոնգրեսի երիտասարդների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննչական գործողություն կատարելու համար:

«Հենց սկզբից, երբ որ մենք մտանք սենյակ, քննիչն իրեն սկսեց շատ լկտի պահել, սկսեց վիրավորել մեզ: Մենք ասացինք, որ հրաժարվում ենք որևէ քննչական գործողության մասնակցել այդ պահից, հենց այդ պատճառով ցանկացանք դուրս գալ սենյակից: ՀՔԾ-ում անցաթղթեր կան, որը պետք է ստորագրված լինի, որ մենք  կարողանանք դուրս գալ ՀՔԾ-ից: Մենք քննիչի սենյակից դուրս էինք եկել, ինքը մեր հետևից բղավեց, որ արգելում է մեզ դուրս գալ: Այնտեղ ոստիկաններ կային, նրանք ևս արգելում էին մեզ դուրս գալ ՀՔԾ-ից : Դրանից հետո ինքը սպառնաց, որ մեզ կալանավորելու է, հետո ինձ կանչեց իր սենյակ այն պատրվակով, որ իբր անցաթուղթն է ուզում ստորագրի: Ես մտա սենյակ, ինքն իմ հանդեպ բռնություն կիրառեց, հրեց ինձ: Հետո տղաները մտան, մենք միասին սենյակից դուրս եկանք ու մի խումբ քննիչներ ու ոստիակններ որոշ ժամանակ մոտ 10-15 րոպե արգելում էին մեզ լքել ՀՔԾ-ի շենքը: Մենք անցագրերը պատռեցինք ու դուրս եկանք ՀՔԾ-ից»,- պատմել է  Գևորգյանը:

Նա նաև ասել է, որ մինչ այս իրենք հրաժարվել էին քննչական գործողության մասնակցելուց և, Վահագն Գևորգյանի խոսքով, քննիչ Գևորգ Գևորգյանը սկսել է երիտասարդներին հարցնել, «թե էդ ոնց թե հրաժարվում եք, երբ ես ձեզ բան եմ ասում»:

ՀԱԿ-ի ակտիվիստը նաև նշել է, որ քննիչ Գևորգյանը «իրեն գողականի պես պահելով» փորձում էր իրենց վրա ճնշում գործադրել: