Home / Հայաստան / Ինչպես էին վնասազերծում բանդան. ոստիկանության մանրամասները (Տեսանյութ)

Ինչպես էին վնասազերծում բանդան. ոստիկանության մանրամասները (Տեսանյութ)

2011 թվականին մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք  ավազակային հարձակումներ իրագործած բանդայի վնասազերծումից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, ՀՀ ոստիկանությունն այսօր մանրամասներ է տարածել օպերատիվ միջոցառումների ընթացքի մասին:

«Սեպտեմբերի 22-ի երեկոյան քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն ստացվեց, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի հանվեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողները:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվեց «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմեց փախուստի: Մեքենան բախվեց Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը թողնելով ավտոմեքենան` դիմեցին փախուստի և կրակեցին իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ:

Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց և բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը:

Փախուստի դիմած անձանցից մեկը բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ և մահացավ: Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. սանրվեց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները: Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվեց թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ:

Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով:

Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած և մահացած, նախկինում չորս անգամ դատված  Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:

Ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին:

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեց թմրանյութ: Նույն օրը, ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 2 գրամ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում, ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանները խուզարկություն կատարեցին մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել: Հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` 7 փամփուշտով, ՏՏ տիպի ատրճանակ` 8 փամփուշտով,  BLOW C 06 տիպի գազային ատրճանակ` 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաև դիմակներ,  ձեռնոցներ, կպչուն ժապավեն:

 

Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի ՏՏ տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:

Նույն վայրից բերման ենթարկվեց նաև նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 6 գրամ, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ ամիսներ առաջ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանը և Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել և ղեկավարել են զինված խումբ /բանդա/` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին և Քյարամ Ամոյանին:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով` 13 փամփուշտով և վեց պարկուճով:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև մի շարք այլ բնակարաններում ու տներում:

Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաև Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր:

Ժամը 14.00-ին, Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, ՏՕԶ տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով և տարբեր տրամաչափի 300 փամփուշտ:

Ոստիկանությունը նշում է, որ Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են, իսկ Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:

Նշենք, որ, ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ձերբակալվել են գործի հետ առնչվող 16 անդամներ: