Home / Հայաստան / «Իսկ հեքիաթի վերջում Սերժ Սարգսյանը գալիս է հանրապետություն…». հայտարարություն

«Իսկ հեքիաթի վերջում Սերժ Սարգսյանը գալիս է հանրապետություն…». հայտարարություն

Օգոստոսի 9-ին համաժողովրդական շարժման յոթ հայ երիտասարդների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած բռնությունը, նվաստացումն ու ապօրինությունները Հայաստանը օկուպացրած իշխող ոճրագործ ռեժիմի հերթական դրսևորումներից էին, ասված է «Սարդարապատ» նախաձեռնության հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը «մեկ անգամ ևս հայ ժողովրդին ցույց տվեց, որ հանցագործ իշխող ռեժիմը չի փոխել իր էությունը և չի էլ պատրաստվում այն փոխել, այլ ընդամենը իրեն հայ մարդու կողմից «չխոնարհվելու» դեպքում պատռում է դիմակը»:

«Այս ռեժիմի օրոք Հայաստանի քաղաքական կոչվող կազմակերպությունները պատրաստվում են հերթական կամ արտահերթ համապետական ընտրությունների, այնինչ այս միջադեպը մեկ անգամ ևս ապացուցեց, որ այսօր համապետական ընտրություններին մասնակցելը զավեշտ է, իսկ ժողովրդին ընտրությունների տանող ուժը կամ ուժերը կույր են կամ էլ արկածախնդիրներ են:

Այս իրավիճակը փոխելու միայն մի ճանապարհ կա. ուղիղ ժողովրդավարության կիրառում հանրապետության ամբողջ տարածքում`ազատվելով առկա կեղեքող համակարգից և հետո ընտրությունների միջոցով երկրում հաստատել սահմանադրական կարգ», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանց խոսքով` ընդդիմադիր կոչվող ուժերը ոստիկանների ապօրինությունները փորձում են հիմնավորել նաև հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայությամբ, և ինչ-որ աներևույթ ուժերի կողմից, այսպես կոչված, քաղաքական բանակցային գործընթացը ձախողելու փաստով:

«Հիշեցնենք բոլորին և այդ «ընդդիմադիր ուժերին» ևս, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէր նաև Հոկտեմբերի 27-ին… Եթե այդ «ընդդիմադիր ուժերը» իրենց հիշողությունը փորձեն վերականգնել, ապա կտեսնեն, որ իրենց իշխանության տարիներին էլ Սերժ Սարգսյանը ևս ինչ-որ գործերով բացակայել է հանրապետությունից, և այդ օրերին հնչեղ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում:

Սերժ Սարգսյանի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում նաև Երևանի քաղաքապետի որոշումների և գործունեության վրա, որն էլ քաղաքի գերակա շահի տեսանկյունից գործազուրկ է դարձնում մի քանի հազար հայ մարդկանց, սովի և արտագաղթի մղելով այդ ընտանիքներին:

Իսկ հեքիաթի վերջում Սերժ Սարգսյանը գալիս է հանրապետություն և միջադեպի բոլոր մեղավորները պատժվում են «արդարացի»…», – ասված է հայտարարության մեջ:

«Սարդարապատ» նախաձեռնությունը ընդգծում է, որ «սատար է կանգնում յոթ հայ երիտասարդներին, որոնք պարզապես ցանկանում են ազատ և արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում, և որի անօտարելի իրավունքը նրանք ունեն»: