Home / Հայաստան / ՀԱԿ-ի 7 ակտիվիստներին ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանական բաժնից

ՀԱԿ-ի 7 ակտիվիստներին ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանական բաժնից

Օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներին ձերբակալել են: Այս մասին ոստիկանության բաժնի մոտ ողջ գիշերվա ընթացքում սպասող հարյուրավոր մարդկանց տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով ՀԱԿ ներկայացուցիչ Ավետիս Ավագյանի հետ ժամը 05:00-ի սահմաններում հանդիպել և զրուցել է Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ:

Զուրաբյանի խոսքով՝ երիտասարդների հետ կապված ողջ գործընթացը կատարվել է ապօրինություններով:

«Մենք վաղը կքննարկենք` ընդհանրապես այս վիճակում երկխոսությունը ինչ է նշանակում և որոշում կընդունենք»,- ասել է Զուրաբյանը:

Զուրաբյանը նաև նշել է, որ ոստիկանապետին փորձել են բացատրել, որ երկրում գնում է մի գործընթաց (նկատի ունի իշխանությունների հետ երկխոսությունը – խմբ.), որն իր ապօրինի գործողություններով նա կարող է ուղղակի տապալել:

«Բայց, կարծես, դա նրա վրա ոչ մի ազդեցություն չթողեց, և նա, փաստորեն, շարունակելու է այդ ապօրինի կեցվածքը: Հիմա մենք պետք է վերլուծենք այս ամենը, որովհետև սա ստեղծում է նոր քաղաքական իրավիճակ, և հասկանանք՝ ինչ ենք անելու և որոնք են լինելու մեր քայլերը»,- հավելել է Զուրաբյանը:

Ինչպես հաղրոդում է Epress.am-ի թղթակիցը ոստիկանության բաժնի մոտից, երիտասարդներին շենքից տարել են մեկ այլ մուտքով, որպեսզի կենտրոնական մուտքի մոտ հավաքված շուրջ հարյուր մարդիկ չտեսնեն այդ պահը: Երիտասարդներին տեղափոխել են Էրեբունիում կալանավորների ժամանակավոր պահման վայր:

ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստներ՝ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանն ավելի վաղ հեռախոսով փոխանցել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանին, որ բերման ենթարկվելու ժամանակ ոստիկաններն իրենց ծեծի էին ենթարկել, այդ իսկ պատճառով ակտիվիստները պահանջում էին հրավիրել Հատուկ քննչական ծառայության քննիչի: Մինչ քննիչի ժամանելը նրանք հրաժարվում էին որևէ գործողության մասնակցել:

Նշենք, որ բերման ենթարկելու պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Փաստաբան Վահե Հովսեփյանը, տեսակցելով երիտասարդներին, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նրանց վրա ակնհայտ էին բռնության հետքերը:

Վահե Հովսեփյանի հետ ոստիկանության բաժնում գիշերվա ընթացքում գտնվող մեկ այլ փաստաբան Ստեփան Ոսկանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանները փաստաբանների նկատմամբ ևս բռնություններ են գործադրել:

«Այնտեղ բոլորս մի սենյակում ենք եղել, հետո եկան բռնությամբ բոլորին [ակտիվիստներին] հանեցին վերև, տարբեր սենյակներ: Մենք բարձրացանք, բայց այդ ընթացքում ո՞ր մեկի հետևից գնաս: Մեկի հետևից գնում ես, էն մյուսին են տանում: Հետո Վահե Հովսեփյանի նկատմամբ միջադեպ սարքեցին. եկան, վիդեոյով սկսեցին կողքից նկարել իր զրույցը պետի հետ, կոնֆլիկտ սարքեցին, մեզ շեղեցին: Աշխատակիցներից մեկը Վահեին ձեռքերով հրեց պատին: Եվ այդ ամենը երիտսարդներին տանելու ընթացքում»,- ասել է Ոսկանյանը:

Փաստաբանը տեղեկացրել է, որ մեղադրանքի մասին իրենց ոչինչ չեն ասել:

«Չեն էլ ասել, որ ձերբակալում են, իրենք տարել են առանձին սենյակներ քննիչների հետ հարցաքննության պատրվակով, որից հետո փաստորեն առանձին-առանձին տարան շենքից դուրս, անհայտ ուղղությամբ: Նման անօրինականության ես մինչև հիմա ականատես չեմ եղել: Այստեղ ապօրինությունների ալիքը հասել է նույնսիկ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելուն»,- ասել է Ոսկանյանը:

Նշենք, որ երբ հավաքվածներին տեղեկացրել են, որ երիտասարդների ձերբակալության որոշում է ընդունվել, ուշագնաց է եղել Դավիթ Քիրամիջյանի մայրը: Մինչ շտապօգնության մեքենայի ժամանելը տիկնոջն ուշքի են բերել: Ժամանած բժիշկներն անհրաժշետ առաջին օգնությունն են ցույց տվել, որից հետո նրան տեղափոխել են տուն:

Գիշերվա ընթացքում ոստիկանության շենքի մոտ ևս մի միջադեպ է տեղի ունեցել: Մինչ մարդիկ սպասում էին ոստիկանության շենքի մոտ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին փորձել է ներս մտնել: Նա երկար ժամանակ ծեծել է ոստիկանության դուռը, սակայն բացող չի եղել:

Այնուհետև Գասպարին պառկել է ոստիկանության մոտ, իսկ հերթապահող ոստիկանները նրան մի քանի անգամ, գետնի վրայով քարշ տալով հեռացրել են ճանապարհից, սակայն նա ամեն անգամ հետ է վերադարձել: Վերջիվերջո ոստիկանները, նկատելով, որ հավաքվածները սկսել են դժգոհել նրանց պահվածքից, դադարել են իրենց գործողությունները: