Home / Հայաստան / Լարվածությունը թուլացել է. ոստիկանները ընթրում ու կոկա-կոլա են խմում

Լարվածությունը թուլացել է. ոստիկանները ընթրում ու կոկա-կոլա են խմում

Մինչ տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ տոնում են իրենց վերադարձն Ազատության հրապարակ, ոստիկանները, որոնք մինչ այդ շրջափակել էին հրապարակը, թողել են մահակներն ու վահանները և նստել են մայթերին` հրապարակի շրջակայքում:

Ինչպես տեղից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, նրանք խաղաղ զրուցում են միմյանց հետ, ժպտում են, պատրաստակամորեն պատասխանում են հարցերին: Նրանց տվյալներով` հավաքվածների թիվն այս անգամ 9 հազար է, մինչդեռ անգամ  իշխանամետի համբավ ունեցող ԶԼՄ-ներն ընդունում են, որ ժողովրդի նման քանակ վերջին երկու տարիների ընթացքում իրենք չեն հիշում:

Ոստիկանները չեն թաքցնում իրենց ուրախությունն առ այն, որ հրաման ստացան բացել շղթան և ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել:

Երիտասարդ ոստիկանների մի խումբ, տեղակայվելով Սայաթ-Նավա պողոտայի կողմից, նստել է ասֆալտի վրա, բրդուճներ են ուտում ու կոկա-կոլա խմում. նրանք առավոտվանից լարված վիճակում կանգնած էին փողոցում:

Ավանդական նախահանրահավաքային լարվածությունը Երևանում, կարծես, թուլացել է: Ընդդիմադիրները շարունակում են պարել Ազատության հրապարակի հարթակին: Որոշ մարդիկ ցրվում են տներով, ամենադիմացկունները պատրաստվում են գիշերել հրապարակում: