Home / Հայաստան / Հայաստանի ծրագրավորողները կմրցեն մարզադաշտում

Հայաստանի ծրագրավորողները կմրցեն մարզադաշտում

Մարտի 5‑ին ժամը 11-ին «Cross» սպորտային համալիրում (Կարմիր Խաչի հիվանդանոցի տարացքում) կմեկնարկի արդեն 5‑րդ IT CUP ֆուտզալի մրցաշարը, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջև:
Մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը՝ 16‑ից հասնելով 28‑ի: Մասնակիցների շարքում կլինեն նաև հեռահաղորդակցության և լրատվական ընկերությունների ՏՏ ստորաբաժանումների թիմեր:

IT CUP ֆուտզալի մրցաշարը կազմակերպվում է 2007 թվականից: Մրցաշարի անցկացման գլխավոր նպատակն է խթանել ակտիվ և առողջ ապրելակերպը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հայաստանի ՏՏ մասնագետներին ծանոթանալ և իրական կյանքում շփվել միմյանց հետ:

Մասնակից ընկերություններն են՝ Synopsys Armenia (4 թիմով), HyLink, Mentor Graphics, Innova AM, CQGI, AltaCode, Instigate Design, Firmplace, Credence Systems Armenia, Boomerang Software, Synergy International Systems, Virtual Solution Global Services, Rutel Armenia (former MDS), NairiSoft, Web.am, Macadamian Technologies, Mer Soft,  Lsoft, Questrade, Epress.am, YeTRI (Yerevan Telecommunication Research Institute), Unicomp, Epygi, VivaCell‑MTS, Beeline, SCDM, GNC alfa.

Առաջնությունը կտևի շուրջ 2 ամիս, որի ընթացքում մասնակից 28 թիմերի միջև 100 խաղ տեղի կունենա: Խմբային փուլից հետո յուրաքամչյուր խմբի 7 մասնակիցներից 4-ը կանցնեն 1/8 եզրափակիչ:

Առաջնության գլխավոր կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է, առաջնության գլխավոր հովանավորը՝ «Cross» սպորտային համալիրը, գլխավոր սպորտային տեղեկատվական հովանավորը՝ www.totalfootball.am-ը,  իսկ տեղեկատվական հովանավորները՝ www.epress.am-ը, www.haynews.am‑ը,  www.newsarmenia.am-ը, http://telecom.arka.am-ն:

«Առաջնության անցկացման գաղափարը ծագեց, երբ մտածում էինք Հայաստանի ՏՏ ընկերությունները միավորելու եւ ակտիվ ու առողջ ապրելակորպի գաղափարը տարածելու մասին: Որոշեցինք ֆուտբոլային մրցաշար կազմակերպել, քանի որ ֆուտբոլը Հայաստանում ամենասիրված սպորտաձեւերից մեկն է: IT CUP ֆուտզալի առաջնության հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծացավ, որ այս տարի առաջին անգամ մասնակիցների շարքում ընդգրկվեցին նաեւ ոչ ՏՏ ընկերությունների՝ VivaCell-MTS-ի, Beeline-ի, Epress.am-ի, ՏՏ թիմեր: Մենք մտածում ենք նաեւ առաջիկայում այլ մրցաշարեր կազմակերպելու մասին», – ասում է IT CUP ֆուտզալի առաջնության նախաձեռնող, կազմկոմիտեի նախագահ եւ բոլոր տարիների խաղերի ակտիվ մասնակից Արմեն Թադեւոսյանը:

«Չգիտես ինչու՝ շատերի կարծիքով ՏՏ ոլորտի մասնագետը ինքնամփոփ ու ֆիզիկապես թույլ մի երիտասարդ է, որն իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է սոցիալական կայքերին և համակարգչային խաղերին: Այդ կարծիքի հակաօրինակներից մեկը հենց IT CUP մրցաշարն է, որի կազմակերպման համար շնորհակալ ենք Սինոփսիս Արմենիային եւ անձամբ այդ ընկերության ներկայացուցիչ Արմեն Թադեւոսյանին: Իհարկե, մենք ֆուտբոլային վարպետներ չենք, բայց բոլոր խաղերում դուք կտեսնեք թեժ եւ հետաքրքիր պայքար», – ասում է բոլոր տարիների խաղերի մասնակից, Մենթոր Գրաֆիքս ընկերության աշխատակից Շահեն Սարգսյանը:

«Մենք մեծ սիրով պատրաստակամություն հայտնեցինք մեր ներդրումն ունենալ Հայաստանում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի քաջալերման գործում: Մրցաշարի բոլոր խաղերը տեղի կունենան մեր սպորտային համալիրի ֆուտբոլային դահլիճում: Բացի այս, բոլոր մասնակիցները կկարողանան օգտվել նաեւ համալիրի լայն հնարավորություններից: Համալիրի ղեկավարությունը նախատեսում է արդեն ավանդական դարձած IT CUP  մրցաշարը ընդալյնել և այն անցկացնել ինչպես մինի ֆուտբոլի մարզադահլիճում, այնպես էլ բացօթյա խաղադաշտում: Հույս ունենք՝ մրցաշարը կանցնի ջերմ մթնոլորտում և «արդար խաղի» սկզբունքներով»,- նշում է «Cross» սպորտային համալիրի տնօրինությունը:

Սինոփսիս ընկերությունը հաստատակամորեն շարունակում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրելու իր քաղաքականությունը՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներդրումներ անելով: Այս մրցաշարի կազմակերպումը այդ քաղաքականության արտահայտման յուրօրինակ ձևերից մեկն է: