Home / Հայաստան / «Գարուն չէր, սև օր էր». մարդկային ճակատագրեր. Գոռ Քլոյանը զոհվել է մարտի 1-ին

«Գարուն չէր, սև օր էր». մարդկային ճակատագրեր. Գոռ Քլոյանը զոհվել է մարտի 1-ին

Գոր Քլոյանը մահացել է 2008 թվականի մարտի 1-ին: Նրա մասին Epress.amի հետ զրույցում պատմել է հայրը` Սարգիս Քլոյանը:

«Իմ տղա Գոռ Քլոյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 15-ին: Սովորել է Երևանի թիվ 11 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո սովորել է  Երևանի մանկավարժական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, և այնտեղ լավ ծառայության համար իրան տվել են ջոկի հրամանատար և սերժանտի կոչում: Դրանից հետո եկել է տուն, իր մասնագիտությամբ չի աշխատել, որովհետև, տնտեսական վիճակից ելնելով, աշխատել է որպես մենեջեր, այդ ընթացքում ինքը զբաղվել է, չէի ասի քաղաքականությամբ, այլ սիրել է կարդալ հիմնականում ընդդիմադիր թերթերը, ուսումնասիրել է քաղաքական վիճակը, անտարբեր չի եղել երկրի անցուդարձին: Այնուհետև ամուսանցել է: Շատ լավ կին ուներ, ունեցել է երկու զավակ` Սարգիսը և Լյովան: 2008 հունվարի 10-ին փոքրիկն է ծնվել: Այն ժամանակ, երբ որ Գոռս սպանվեց` ավելի ճիշտ դիմահար գնդակահարվեց այս իշխանության կողմից, փոքրիկը մի ամիս քսան օրական էր, իսկ մեծը` երկուս ու կես տարեկան: Ամբողջ կյանքում աշխատասեր որդի եմ ունեցել և ընտանիքի հանդեպ է լավ եղել և ծնողների հանդեպ է լավ եղել, աշխատող ստեղծագործող տղա եմ ունեցել և սիրել է տատին, պապին, ընկերկան շրջապատին հարգված անձնավորություն է եղել, բայց չարաբաստիկ մարտի մեկը բոլորի համար գարուն էր, մեր համար սև օր էր»: