Home / Հայաստան / 2010թ. լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են երկուսով. զեկույց

2010թ. լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են երկուսով. զեկույց

2010 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել և հրապարակել է երեք եռամսյակային միջանկյալ զեկույց, որոնցում ամփոփվել են տարվա համապատասխան ժամանակահատվածներում (հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր) խոսքի ազատության վիճակը երկրում և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների արձանագրված խախտումները: Այսօր լրագրողների հետհանդիպմանը Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է ամբողջ 2010 թվականին վերաբերող զեկույցը, որն ընդգրկում է՝

1. Խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություններն ու գործընթացները,

2. Տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

3. Քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

4. Լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները:

Համաձայն զեկույցի արդյունքների` լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակով 2010 թ. ավելի «բարենպաստ էր» Հայաստանի համար:

«Եթե 2009 թվականին լրագրողների նկատմամբ բռնության 11 դեպք էր գրանցվել, 2010-ին արձանագրվել է 9 դեպք, ընդ որում` աննախադեպ էր երրորդ եռամսյակը, երբ ոչ մի բռնության դեպք չի եղել»,- ասել է Մելիքյանը:

Նրա խոսքով` 2009 թվականին ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների  14 դեպք է արձանագրվել, 2010-ին` 19 դեպք, իսկ տեղեկություններ ստանալու և դրանք տարածելու համար 2009 թվականին 13 միջադեպ, 2010-ին` 18:

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետների հետազոտության` 2010 թվականին խոսքի և մամուլի ազատության ոլորտին վերաբերող իրավական նախաձեռնություններն ու օրենսդրական փոփոխությունները ունեին և դրական, և բացասական միտումներ: Այսպես, եթե զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացման հարցում օրենսդիրը համագործակցեց քաղաքացիական հասարակության հետ՝ ընդունելով հիմնական առաջարկությունները, ապա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ համագործակցությունն առավելապես իմիտացիոն բնույթ ունեցավ:

Իշխանություններն այդպես էլ սկզբունքային հարցերում ոչ մի զիջման չգնացին: Սա վկայում է այն մասին, որ գործող իշխանությունը չի ցանկանում ազատականացնել հեռարձակման ոլորտը, ավելին՝ ձգտում է այն պահել իր ամբողջական վերահսկողության տակ: Սրա վառ վկայությունն էր նաեւ ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթների արդյունքներով «Ա1+» հեռուստաընկերությանը լիցենզիա չտրամադրելը:

ԽԱՊԿ փորձագետների կարծիքով՝  նման վերահսկողությանն էր միտված նաեւ ՀՀ հանրային խորհրդում մշակված «Հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա» անվանումով փաստաթուղթը՝  ինքնակարգավորման անվան տակ հեռուստաընկերություններին ներկայացնելն ու ապրիլի 21-ին 11 հեռարձակողների կողմից դրա ստորագրումը: Ըստ փորձագետների` սա անհեռանկար եւ ԶԼՄ-ների իրական ինքնակարգավորմանը խանգարող մի գործընթաց էր: