Home / Հայաստան / Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը ԼՂՀ-ին սպառնում է պատերազմով

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը ԼՂՀ-ին սպառնում է պատերազմով

Լեռնային Ղարաբաղի պատերազմն ավարտված չէ, և միջազգային հանրությունը պետք է իմանա, որ ռազմական գործողությունները ցանկացած պահին կարող են վերսկսվել: Trend-ի փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի Խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

«Միջազգային կազմակերպությունների խորհրդով Ադրբեջանը շարունակում է մասնակցություն ցուցաբերել բանակցային գործընթացներին և փորձում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Սակայն Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական պատրաստությունները, քանի որ թույլ երկրի հետ աշխարհը երբեք հաշվի չի նստում»,- ասել է Մուրադովան:

Ըստ նրա` առանց տնտեսական և ռազմական ուժի Ադրբեջանն ի վիճակի չի լինի ամրապնդել իր դիրքերը:

«Ադրբեջանը նկատելի հաջողությունների է հասել ռազմական ոլորտում, ինչպես և այլ բնագավառներում: Դրանով իսկ մենք ցույց ենք տալիս հակառակորդ կողմին, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստի հանգամանքի հետ և իր տարածաշրջանում հայկական երկրորդ պետականություն ստեղծելու մտադրության հետ:  Հայերի այդ փորձը կկասեցվի բոլոր հնարավոր միջոցներով, իսկ եթե պետք լինի, նաև ռազմական ուժի օգնությամբ»,- հայտարարել է Մուրադովան: