Home / Հայաստան / Հայաստանում սահմանափակվում է դավանանքի ազատությունը. զեկույց

Հայաստանում սահմանափակվում է դավանանքի ազատությունը. զեկույց

Հայաստանի սահմանադրությունն ապահովում է դավանանքի ազատությունը, այնուամենայնիվ, գործող օրենսդրությունը որոշ սահմանափակումներ է դնում կրոնական փոքրամասնությունների ազատության վրա: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի կողմից այսօր հրապարակված 2010 թվականի Կրոնի ազատության միջազգային զեկույցում:
Հայաստանում դավանանքի և կրոնի ազատությանը նվիրված հատվածում զեկույցի հեղինակները ներկայացնում են մեր երկրում գործող կրոնական խմբերը, նշում են, որ մեր երկրի բնակչության 98 տոկոս հայեր են, իսկ 90 տոկոսը նոմինալ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն:

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանում կրոնական փոքրամասնությունները 5 տոկոսից քիչ են կազմում, դրանց թվում՝ կաթոլիկները, ուղղափառները, մոլոկանները, Յեհովայի վկաները, ադվենտիստները, բապտիստները, հրեաները, մորմոնները, մահմեդականները և այլն:
 «Չնայած Սահմանադրությամբ երկրում սահմանվում է դավանանքի ազատությունը, սակայն նույն Սահմանդրությամբ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտոնապես տրվում է ազգային եկեղեցու պետական կարգավիճակ», – ասված է Պետդեպի զեկույցում:

Հայ Առաքելական եկեղեցուն նաև որոշակի արտոնություններ են տրվում, որոնք չեն տրվում կրոնական փոքրամասնություններին:

Անդրադառնալով Հայաստանում դավանանքի ազատության սահմանափակումներին՝ ԱՄՆ Պետդեպի զեկույցի հեղինակները նշում են, որ մեր երկրում գործող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ահազանգում են հայաստանյան դպրոցներում այդ խմբերին պատկանող ուսուցիչների և աշակերտների նկատմամբ տարբերակված վերաբերմունքի մասին:

Փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու անկախ դիտորդները նշում են, որ նման վերաբերմունքն առկա է հատկապես Հայկական եկեղեցու պատմության դասերի ժամանակ, որոնք հաճախ ցուցմունքային տարրեր են պարունակում: Զեկույցում նաև ասվում է, որ, այնուամենայնիվ, վերջին շրջանում իրավիճակը որոշակիորեն բարելավվում է:  
Չնայած դրան, զեկույցի հեղինակները մի շարք դեպքեր են մատնանշում, որոնք կապված են դավանանքի ազատության խախտման դեպքերի հետ:

Մասնավորապես, Երևանի ավետարանչական եկեղեցու հետ ասոցացվող CCMI հասարական կազմակերպությունը դեռևս 2009 թվականին բողոքել է, որ կառավարությունը խոչընդոտում է իր բարեգործական գործունեությանը կրոնական խտրականության պատճառով: Հետագայում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պարզել է, որ CCMI-ի բողոքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կազմակերպության գործողություններն անօրինական են. հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ կազմակերպության անդամները բարեգործական գործունեության ընթացքում գումարներ են վերցնում նվերների դիմաց: CCMI-ը հերքել է մեղադրանքները:

Զեկույցի հեղինակները նշում են, որ բողոքներ են հնչել նաև Յեհովայի վկաներից, որոնք չեն կարողանում մեծ տարածքներ վարձել իրենց ամենամյա հավաքի համար: Յեհովայի վկաների կազմակերպությունը հայտնել է, որ իրենք դիմել են ավելի քան 12 տարածքների տերերի (հիմնականում մարզադաշտերին), որոնք պատկանում են անհատներին կամ պետական մարմիններին, սակայն ամեն անգամ մերժում են ստացել: Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ սեփականատերերը ճնշման են ենթարկվում Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև օրենքը պարտադրող կառույցների կողմից: 

Յեհովայի վկաները նաև հայտնում են, որ Հայաստանում 2010թ. հունիսի 1-ի դրությամբ իրենց կամզակերպության 76 ներկայացուցիչ բանտարկված են եղել, քանի որ հրաժարվել են ծառայել հայկական բանակում: Յեհովայի վկաներին առաջարկվել է այլընտրանքային ծառայություն անցնել, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ այս կարգի ծառայությունը, ըստ Յեհովայի վկաների, նույնպես վերահսկվում է զինվորական կառույցների կողմից: 
Զեկույցի հեղինակները նշում են նաև այն դեպքերը, երբ կրոնական ազատությունների խնդրին ադրադարձի առումով Հայաստանը դրական միտումներ է արձանագրել:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպի կարծիքով՝ բացասական միտումներն առկա են հայաստանյան հասարակության մեջ: Մասնավորապես, նշվում է, որ մի շարք դիտորդների կարծիքով՝ բնակչության հիմնական մասը բացասական վերաբերմունք ունի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, իսկ էթնիկ հայ լինելը գրեթե միշտ կապվում է Հայ Առաքելական եկեղեցու հետ: Հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց հրապարակումներում օգտագործել «աղանդ» բառը, երբ խոսում են կրոնական փոքրամասնությունների մասին: Հեռարձակվում են հեռուստատեսային հաղորդումներ, որոնց ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները և այլ մասնակիցները կրոնական փոքրամասնությունները ներկայացնում են որպես պետության և ազգային միասնության թշնամիների: Որպես կոնկրետ օրինակ է բերվում 2009թ. նոյեմբերին Հ2 հեռուստաալիքով հեռարձակված «աղանդների» մասին հաղորդումը: Զեկույցում նշվում է նաև մի շարք ազգայնական կազմակերպությունների կողմից տարածվող թռուցիկների մասին, որոնք կոչ են անում պայքարել «աղանդների» դեմ: 

Ավարտելով զեկույցը՝ ԱՄՆ Պետդեպը նշում է, որ ԱՄՆ կառավարությունը մշտապես քննարկում է Հայաստանի իշխանությունների հետ կրոնական ազատությունների հետ կապված խնդիրները: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև այլ կրոնական խմբերի առաջնորդների հետ, և մշտապես մասնակցում է բոլոր այն միջոցառումներին, որոնք աջակցում են կրոնի և դավանանքի ազատությանը: